Հայերին բնաջնջելու Օսմանյան կայսրության պետական ծրագիրը փաստացիորեն ձախողվել է. Բանակցության երևանյան կենտրոնի տնօրեն
Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Բանակցության երևանյան կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով, որը վերնագրված էր «Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգման ուղին»:
Բացման խոսքն ասաց Բանակցության երևանյան կենտրոնի տնօրեն Ստեփան Խզրթյանը` նախևառաջ շեշտելով, որ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի հանրապետության` հայերին բնաջնջելու ծրագիրը ձախողվել է, և դրա ապացույցը թեկուզ այսօրվա համաժողովն է.
«Այսօր այստեղ ենք, և դա նշանակում է, որ Օսմանյան կայսրության, որի իրավահաջորդը Թուրքիայի հանրապետությունն է, պետական քաղաքական ծրագիրը` մեզ բնաջնջելու, մի ամբողջ ազգ վերացնելու, փաստացիորեն ձախողվել է: Եթե հաջողվեր, դուք այսօր այստեղ չէիք լինի, ես այսօր այստեղ կանգնած չէի լինի, այսօրվա ելույթները հայերենով չէին հնչի»:
Համաժողովը կազմակերպելիս` կենտրոնը հիմնվել է երեք ելակետային հիմնադրույթների վրա, դրանք են` բանականություն և հուզականության զսպում, գիտակցում, որ Մեծ Եղեռնը ոճրագործություն է մարդկության դեմ, և երրորդը` վերածնունդ:
Ներկայացնելով, թե ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում բանակցային վերլուծությունը և ինչպե՞ս կարելի է հասնել ճանաչմանն ու հատուցմանը, իրավաբանն ընդգծեց, որ ցեղասպանության փաստն իրողություն է հետևանքներն ակնհայտ են և բանակցության ենթակա չեն, փոխարենը բանակցության հարց կարող է լինել հատուցման ուղղված ճանապարհը:
Ըստ նրա` բանակցությունը դա քայլերի հաջորդականություն է, հետևաբար, հարցը պետք է լինի այն, թե որո՞նք են այն քայլերը, որոնցով կարող ենք հասնել հարցի արդարացի լուծմանը:
«Հաջող, խելացի բանակցողը պետք է նաև գիտակցի դիմացինի շահերը, և այս պարագայում պետք է հասկանալ` որոնք են Թուրքիայի շահերը և ցույց տալ, որ ներկայիս վիճակը չի բխում նաև իրենց շահերից»,- շարունակեց նա:
Խզրթյանի խոսքով` ցեղասպանության հարցը ոչ միայն ազգային, այլև համամարդկային խնդիր է, և դրա մասին են վկայում, օրինակ, 1915 թ. մայիսի 24-ին Անտանտի երկրների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որում հայերի կոտորածներն անվանվում են մարդկության դեմ հանցագործություն:
«Մենք, որպես ազգ, մեր վրա ենք վերցրել ոչ միայն ազգային, այլև համամարդկային շահերն առաջ տանելու հարցը, քանի որ երբ մենք հասնենք այս հարցի արդարացի լուծմանը, ոչ թե կլինեն նորանոր պատերազմներ, այլ ընդհակառակը` տարածաշրջանում կունենանք հարատև խաղաղություն և կայունություն»,- հայտարարեց նա:
Ստեփան Խզրթյանը նաև ավելացրեց. «Նշելով ցեղասպանության տարելիցը` պետք է ոչ միայն ողբալ զոհերի կորուստը, այլև ոգևորվել և ոգեկոչել վերապրածների վերածնունդը: Այսինքն` սա նաև վերածննդի հետ կապված հարց է»:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնի գործիչներ և մասնագետներ, մասնավորապես` Բանակցության երևանյան կենտրոնի խորհրդատու Թովմաս Սամուէլեանը, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, պատմաբան Արա Պապյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: