Բաժիններ՝

Մոլդովային սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը. Der Spiegel

2014 թվականի նոյեմբերի 27-ին գերմանական Der Spiegel պարբերականում հրապարակվել է լրագրող Կենո Վերսեկի «Անջատողականներն ընդդեմ եվրոպամետների. Մոլդովային սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացված ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ օպերատորները նկարահանել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա մոլդովացի գործընկեր Նիկոլայ Տիմոֆտիի զրույցը: Զայրացած Պուտինը զրույցի ընթացքում մի քանի անգամ թեքվում է Մոլդովայի նախագահի ուղղությամբ:

Նրանց զրույցի ընթացքում Պուտինի դեմքը ստանում է կատաղի տեսք: Պուտինը մի քանի անգամ ձեռքը խփում է սեղանին, իսկ հետո նա բռունցք է կազմում: Զրույցի մանրամասները հայտնի չեն, սակայն «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը գրեց, որ այն ժամանակ գործը քիչ էր մնացել հասներ ծեծռկտուքի:

Ավելին, գագաթաժողովի մեկնարկից առաջ Պուտինը մյուս մասնակիցների ներկայությամբ դժգոհություն է հայտնել, որ Մոլդովան Ռուսաստանի հետ չի համաձայնեցրել եվրաինտեգրման իր պլանները: Լիովին հնարավոր է, որ ցասման այդ նոպան կարող է դառնալ այն բանի չար նախերգանքը, որ խորհրդային նախկին հանրապետությանը սպառնում է այն նույն ճակատագիրը, որն արդեն իսկ բաժին է ընկել Ուկրաինային:

Չէ՞ որ նոյեմբերի 30-ին (այսօր) երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնցում միմյանց կդիմակայեն իշխող եվրոպամետ դաշինքն ու ռուսամետ ընդդիմադիր կուսակցությունները: Նախորդ ընտրություններում ակնհայտ մեծամասնությունը բաժին է ընկել եվրոպամետ կուսակցություններին:

Սակայն կոռուպցիոն մի շարք հնչեղ սկանդալներից հետո էականորեն նվազել է իշխող դաշինքի հանդեպ բնակչության վստահությունը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նախնական հարցումների համաձայն` երկու ճամբարներն էլ կստանան հավասարաչափ քվեներ:

Մոլդովացի քաղաքագետների կարծիքով` ներկայիս ընտրությունները երկրի համար կունենան պատմական ու ճակատագրական հետևանքներ: Մոլդովացի քաղաքագետ Օազու Նանտոյը վստահ է, որ դրանց արդյունքներից է կախված լինելու Մոլդովայի հետագա պետականությունը:

Եվրոպայի ամենաաղքատ երկիրը մնացող Մոլդովան հենց դրա հետ խնդիր ունի` սկսած 1991 թվականին անկախության մասին հայտարարելուց հետո: Արդեն 1990 թվականին ռուսամետ անջատողականները երկրի արևելքում ստեղծեցին Մերձդնեստրի մաֆիոզային ռեժիմը, որը ցայժմ գոյություն ունի Ռուսաստանի բազմամիլիարդ դոտացիաների շնորհիվ:

Ընթացիկ տարվա հունիսին իշխող դաշինքը ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, և Ռուսաստանը պատժեց Մոլդովայի կառավարությանը` արգելելով երկրի տարածք ներկրել մոլդովական գինի, միս ու գյուղմթերք, ինչն ամենաիսկական աղետ դարձավ մոլդովական տնտեսության համար:

Ռուսաստանն ունի Մոլդովայի վրա ճնշում գործադրելու նաև այլ լծակներ: Օրինակ, Քիշնևն ամբողջովին կախված է Ռուսաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

Բացի այդ, Ռուսաստանը մշտապես սպառնում է հայրենիք արտաքսել աշխատելու նպատակով երկիր ժամանած մոլդովացիներին: Ռուսաստանում աշխատող մոլդովացիների թիվը կազմում է մոտ կես միլիոն մարդ, և առանց նրանց դրամական փոխանցումների` Մոլդովային սպառնում է սոցիալական կոլափս:

Այս ամենի հետ մեկտեղ Մերձդնեստրը դեռևս խորհրդային ժամանակներից պահպանել է վիթխարի զինապահեստներ, որոնց Մոսկվան, չնայած ստորագրած համաձայնագրին, բազում տարիների ընթացքում հրաժարվում է դուրս բերել տարածաշրջանից: Դրա շնորհիվ անջատողականները ռազմական պլանում գերազանցում են կենտրոնական կառավարությանը:

Մոլդովայում ևս մեկ ապակայունացնող գործոն է հանդիսանում երկրի հարավում գտնվող Գագաուզիայի ինքնավարության կառավարությունը, որը սպառնում է դուրս գալ Մոլդովայի կազմից, եթե իշխանությունները շարունակեն եվրաինտեգրման կուրսը:

Մոլդովացի քաղաքագետ Իգոր Բոտանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակի դեպքում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի տնտեսական պատժամիջոցների գործունեության ժամկետը:

Փորձագետի կարծիքով` քիչ հավանական է մոտ ժամանակներս ուկրաինական սցենարով ռազմական ներխուժում ձեռնարկելը, սակայն վտանգը գոյություն ունի բոլոր դեպքերում: Եվ այնուամենայնիվ, ընտրություններում անգամ ռուսամետ ուժերի հաղթանակի դեպքում երկրում կարող են սկսվել անկարգություններ:

Այդպես եղավ օրինակ 2009 թվականի ապրիլին, երբ կոմունիստների հաղթանակից հետո տասնյակ հազարավոր դժգոհ ցուցարարներ գրոհեցին կառավարության ու խորհրդարանի շենքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս