«Կա՛մ մեզ՝ ժողովրդիս, դնում են անմեղսունակի տեղ, կա՛մ իրենք են անմեղսունակ, որոնց մենք հանդուրժում ենք»

«Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց որևէ մեկին հաշվի առնելու աշխարհի ցանկացած կետում ռմբակոծումներ է կատարում, իր զորքն է հանում, մտցնում և այլն: Ֆրանսիան և Եվրոպայի տարբեր երկրներ անընդհատ համաձայնվում են դրանց հետ և դրանց քաղաքականության կցորդն են հանդիսանում աշխարհի աչքի առաջ, մի ժողովրդի ցեղասպանության են ենթարկում, տեղահան են անում և այլն, այստեղ մոտ 150-200 հազար մարդ (միայն բուն Լեռնային Ղարաբաղի բնակիչ) այսօր անտուն է, իր տնից, ծննդավայրից զրկված է, աշխարհով մեկ սփռված է, ոչ մի բառ, որևէ ձայն չի հանում այդ նույն աշխարհը»,- նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը այսօր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության կազմակերպած քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ «յուրաքանչյուր անգամ ինքն իր ազգայինը, պետական շահերը առաջ դասող, չակերտավոր մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որ իբր թե նաև ՀՀ արտաքին սահմաններում իր զորքն է պահում», ասում է՝ Ղրիմը ռուսական է, Դոնեցկը ռուսական է, արևելյան Ուկրաինան վաղը կլինի ռուսական ցանկացած գնով.

«Բայց հենց հարցը հասնում է հայերին, մեր երկրի կողմից ազգային հերոս Նիկոլայ Ռիժկով կոչվածը գալիս է մեր երկրում մեզ բացատրում է, որ գիտեք ինչ՝ Ղրիմը չի կարելի Ղարաբաղի հետ համեմատել, Ղարաբաղը բոլորովին առանձին բան է: Սա խոսում է կրկնակի ստանդարտների մասին»:

Ըստ Ս. Հացպանյանի՝ մեր պետությունը պարտվողական քաղաքականություն է դրսևորում հատկապես՝ 1998 թվականից հետո. «Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանությունը բռնազավթելու առաջին իսկ օրվանից, նույնը կրկնվեց 2003-ին, հետո՝ Սերժ Սարգսյանը շարունակում է նույն կուրսը: Հետաքրքիրն է այն է, որ ծագումով ղարաբաղից 2 քաղաքական գործիչները, որ այս ամբողջ ազգի արյունով են եկել, հասել այդտեղ և ՀՀ քաղաքացիություն ստացել, իրենք են անտեսում իրենց իսկ հայրենակից արցախցի ժողովրդի իղձերը և գնում են նման քայլերի: Այդ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը վերևից ներքև աշխարհի ցանկացած հայի համար առ ոչինչ փաստաթուղթ է, ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում»:

Ազատամարտիկը կարծում է, որ Հայաստանը չի անում այն քայլերը, որը պետք է աներ. «Չափից դուրս խաղից դուրս է հայտնվել և չի էլ ցավում իրավիճակի համար: Մադրիդյան սկզբունքներով խոսել, նշանակում է կա՛մ մեզ՝ ժողովրդիս դնում են անմեղսունակի տեղ, կամ իրենք են անմեղսունակ, որոնց մենք հանդուրժում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս