Ճանապարհը հո մենակ գերեզման գալու համար չէ՞
asparez.am-ը գրում է. Այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին ասֆալտապատվել է Կապանի հեռավոր թաղամասերից մեկի` Բարաբաթումի ճանապարհը: Տարիներ շարունակ բնակիչները դժգոհում էին անմխիթար ճանապարհից եւ այս տարի վերջապես նրանց ձայնը լսելի դարձավ:
Ճանապարհաշինարարները իրենց աշխատանքները ավարտել են, սակայն բնակիչների ուրախությունը լիարժեք չէ: Բանն այն է, որ ասֆալտի շերտը չի հասել մինչեւ թաղամասի կենտրոն: «Սկսել են, թող մինչեւ վերջ ավարտեն, մի քանի մետր հատվածը ի՞նչ էր, որ չարեցին»,-սրտնեղած ասում է Սեդա տատիկը:
79-ամյա կնոջ խոսքով, ոտքով կարողանում է իջնել թաղամասի սկզբնամաս, բայց բարձրանալ չի հաջողվում: Հիշում է՝ 1956 թվականին, երբ եկավ այստեղ բնակվելու, կարելի է ասել, ճանապարհ չկար, մի կածան էր, որով հասնում էին քաղաք. տարիներ հետո ճանապարհ կառուցեցին:
Ճանապարհը ամբողջովին չի ասֆալտապատվել: Տեղ-տեղ փոսային նորոգումներ, տեղ-տեղ ընդհանուր ասֆալտ են փռել, նստվածքները վերացրել, ջրահեռացման համար բետոնյա բաքեր կառուցել: Այս բոլոր աշխատանքները պետբյուջեից հատկացված 30 միլիոն դրամով են արվել:
Տիկին Էմիլիայի խոսքով, մասնակի նորոգումից հետո վիճակը համեմատաբար լավացել է, խորդուբորդություններ չկան: Միայն թե՝ լավ կլիներ մինչեւ թաղամասի կենտրոն այդ նույն վիճակը լիներ:
Բարաբաթումը փոքրիկ գյուղի է նման, նույնիսկ բարաբաթումցիները շարունակում են խորհրդային տարիների պես իրենց թաղամասը գյուղ անվանել: Քաղաքային տրանսպորտ չի աշխատում, մարդիկ ստիպված երթուղային տաքսիներից են օգտվում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: