«Մենք դեսպանին կհամոզենք մեր մոտեցումների արդարացվածության մեջ». Ստեփան Մարգարյան

Խորհրդարանական եռյակի ներկայացուցիչները երեկ պետք է հանդիպեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումից առաջ զրուցեցինք ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ, ով այդ հանդիպմանը պետք է ներկայացներ ԲՀԿ տեսակետը:

– Եռյակի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները հանդիպելու են ԱՄՆ դեսպանի հետ, արդյո՞ք դա նշանակում է, որ եռյակն իր քաղաքական նպատակների իրականացման գործում ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը:

– Նախաձեռնությունն ամերիկյան դեսպանատանն է, մենք ընդունել ենք նրանց հանդիպման առաջարկը: Սրանից գրեթե 10 օր առաջ մենք հանդիպել ենք ԵՄ դեսպանների հետ, և դարձյալ` իրենց նախաձեռնության շրջանակներում: ԱՄՆ դեսպանը և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներով, խնդիր ունեն հասկանալու այն մարդկանց և քաղաքական ուժերի տեսակետը, ովքեր հանդիսանում են այդ գործընթացների կազմակերպիչը և առաջնորդողը:

– Եռյակն իշխանության գալու քաղաքական հայտ է ներկայացնում, և ԱՄՆ-ը դեսպանի համար թերևս հետաքրքիր է լինելու իմանալ, թե եռյակն այդ իշխանությունը ձեռք բերելու դեպքում ինչ փոփոխությունների է ենթարկելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դուք ունե՞ք ընդհանրական մոտեցումներ, որը ներկայացնելու եք դեսպանին:

Կարդացեք նաև

– Մեզ ուղարկված հրավերի մեջ հստակ գրված է, թե ինչն է իրենց հետաքրքրում` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետը. ինչու ենք մենք դեմ այդ փոփոխություններին և ինչպես ենք հիմնավորում մեր մոտեցումները: Բնական է, որ քննարկումները գնալու են հիմնականում այս ուղղությամբ:

– Հնարավո՞ր է, որ ԱՄՆ դեսպանը կարողանա եռյակի ներկայացուցիչներին համոզել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մեջ:

– Սահմանադրական փոփոխությունների հետ կապված մենք հայտարարել ենք, թե որտեղով է անցնում այն կարմիր գիծը, որից անցնելը մենք անթույլատրելի ենք համարում, և մենք դրանից չենք նահանջելու: Ինչ վերաբերում է համոզելուն, ապա մենք ինքներս կարող ենք դեսպանին համոզել մեր մոտեցումների արդարացվածության մեջ:

– Դեսպանին կարող են հետաքրքրել իշխանափոխության մասին Ձեր հայտարարությունները և նաև այդ հայտարարություններն իրականացնելու հնարավոր միջոցների վերաբերյալ հարցը: Նաև այն, թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո:

– Անշուշտ, մենք պատրաստ ենք խոսել նաև այդ մասին, և այն, ինչ մենք ներկայացնելու ենք, բազմիցս նշել ենք մեր հրապարակային ելույթներում: Մեր առաջնահերթ պահանջները պարփակված են 12 կետերում, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պահանջները լուծում ստանան: Դրանք կլուծեն գործո՞ղ իշխանությունները, թե՞ նոր իշխանությունները, դա այնքան էլ կարևոր չէ, դրանք պետք է լուծվեն, որպեսզի երկիրն առաջ գնա: Իշխանության տարբեր ակունքներից եկած մեսիջներով փորձում են նսեմացնել այդ պահանջների նշանակությունը, բայց դրանք մեր համար այսօր էլ մնում են առաջնահերթ, և մենք հայտարարում ենք, որ կամ մենք կստիպենք, որ իշխանությունները դրանք կատարեն, կամ մենք ինքներս կիրականացնենք:

Իհարկե, արտաքին ուժերին հետաքրքրում են ոչ միայն մեր ներսի խնդիրները, այլ նաև արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, դրանց տարբերությունն իշխանության մոտեցումներից:

– Եվ ո՞րն է այդ մոտեցումների տարբերությունը, կա՞ն այդպիսի տարբերություններ:

– Ես ինքս եմ միշտ հայտարարել, որ Հայաստանի նման երկրի համար արտաքին քաղաքականության մեջ թիվ մեկ խնդիրը կանխատեսելիությունն է և ստանձնած պայմանագրային պարտավորություններին հավատարիմ մնալը, որը թույլ է տալիս արտաքին հարաբերություններում հստակ լինել:

– Ընդդիմությունը նախորդ բոլոր տարիներին հանրահավաքների կամ այլ մասսայական միջոցառումների կազմակերպման ժամանակ ակնկալել է ԱՄՆ և ԵՄ երկրների դեսպանատների և մյուս միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը՝ իշխանության ճնշումներից պաշտպանվելու խնդրում: Դուք ունե՞ք նման ակնկալիք ԱՄՆ դեսպանատնից, և արդյո՞ք քննարկվում են համագործակցության նման հնարավորություններ:

– Իշխանության հակաօրինական գործողություններից և ճնշումներից պաշտպանվելու լավագույն միջոցը ժողովուրդն է: Այն շարժումը, որը մենք մոդելավորել ու սկսել ենք, որևէ մեկը չի կարողանալու ճնշել հակաօրինական միջոցներով: Ես չեմ ասում, որ եթե որևէ մեկն օրենք խախտի, նրան պատասխանատվության չեն ենթարկի, մենք ինքներս կկանխենք նման երևույթները: Խոսքը գնում է մեր իրավունքների օրինական իրականացման մասին, որի պարագայում որևէ մեկը չի կարողանա ճնշումներ գործադրել:

– Երևի աջակցության ակնկալիքների բացակայության պատճառն այն է, որ ԲՀԿ-ն կողմ լինելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` հասկանում է, որ չի կարող ակնկալել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների աջակցությանը:

– Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքներից մեկն էլ պրագմատիզմն է: Մենք, որպես գործունեության հիմնական սկզբունք, որդեգրել ենք պրագմատիզմն ինչպես այսօր, այնպես էլ` հետագայի համար: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախընտրած արտաքին քաղաքական ուղղությանը նախընտրելը կամ դրական վերաբերմունքն այդ ուղղության նկատմամբ` մեզ խանգարելու է ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերություններում: Մենք հանդիպել ենք ԵՄ երկրների դեսպանների և արտգործնախարարությունների ներկայացուցիչների հետ, և նրանք բոլորն էլ հասկանում են, որ Արևելյան գործընկերության այն գործընթացը, որը գնում է, որի ընթացքում աշխարհում տեղի ունեցան որոշ իրադարձություններ, որոշ տեղերում` շատ սուր դիմակայություններ, որոշ տեղերում` կայությունը հազիվ է հաջողվում պահպանել, մեզ համար շատ շուտ էր, և նրանք մեր դիրքորոշմանն ըմբռնումով են մոտենում:

– Նախկին ԽՍՀՄ տարածքում կա իշխանափոխության մի քանի հաջողված օրինակ, և բոլոր դեպքերում ընդդիմությունը հայտարարել է, որ ցանկանում է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը` Ռուսաստանից դեպի Արևմուտք, և այդ դեպքում ստացել է Արևմուտքի աջակցությունը: Չե՞ք կարծում, որ Հայաստանի ընդդիմությունը չդնելով արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն և չկարողանալով ակնկալել Արևմուտքի աջակցությունը, կարող է ձախողվել իշխանափոխություն իրականացնելու իր ծրագրերում:

– Ճիշտն ասած, շատ վիճելի է այդ երկրներում տեղի ունեցածը հաջողություն որակելը: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի համար կարևոր է անվտանգության մի քանի բաղադրիչ, և աշխարհաքաղաքական և տնտեսական միություններին անդամագրվելը պետք է պայմանավորված լինի անվտանգության բաղադրիչները հաշվի առնելով: Անվտանգության բաղադրիչներից կարևորագույններն են` սահմանների պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը, Հայաստանի մեկուսացվածության հաղթահարումը և ԼՂՀ անվտանգության ապահովումը: Այս չորս գործոններն են, որ ապահովում են Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը:

Մենք գտնում ենք, որ դրանցից որևէ մեկին վնասելը կնշանակի` պետության կործանումը: Արտաքին քաղաքականության մեջ չեն նայում թե այսինչ բանը լավ է կամ գեղեցիկ է, այլ հաշվի ենք առնում դրանից եկող ռիսկերը և վտանգները: Տվյալ պարագայում մենք համարում ենք, որ ԵՏՄ տնտեսական ինտեգրացիան մի գործընթաց է, որից Հայաստանը վաղուց դուրս էր մնում: Իսկ թե ինչպիսի քաղաքական ինտեգրացիայի խնդիրներ կբարձրացվեն ապագայում, և թե ինչպիսին կլինի մեր մասնակցության չափը, դա կախված կլինի մեր իշխանությունների ադեկվատությունից, պրոցեսները հասկանալու և երկրի շահերը պաշտպանելու կարողությունից:

– Ավելի կոնկրետացնեմ հարցը. չե՞ք կարծում, որ առանց Արևմուտքի արտաքին քաղաքական աջակցության` իշխանափոխության փորձերը ձախողվելու են:

– Ճիշտն ասած, ես այդպես չեմ մտածում, որովհետև ես իսկապես խիստ չափազանցեցված եմ համարում դրսի ուժերի դերը: Բնականաբար, դրսի ուժերը, աշխարհաքաղաքական կենտրոնները որոշակի ազդեցություն ունենում են, բայց դա միայն գործի մի փոքր տոկոսն է: Եթե տվյալ երկրի հասարակության մոտ հասունացած չէ փոփոխությունների պահանջը, դա հնարավոր չէ դրսից ներմուծել, որքան էլ դրսից աջակցությունը մեծ լինի: Եվ ընդհակառակը, եթե կա հասարակական պահանջ, ես չեմ հասկանում, թե ինչու դրսի ուժերը պետք է դեմ գնան այդ պահանջի իրացմանը, մանավանդ, եթե հայտարարում ես, որ քո հետագա արտաքին քաղաքականությունը լինելու է կանխատեսելիության և ստանձնած պարտավորություններին հավատարմության շուրջ:

– Եռյակի և հատկապես` ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ իշխանությունը բռնազավթված է, և ձեր խնդիրն է` իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Քանի որ Ռուսաստանը մշտապես պաշտպանում է գործող իշխանությանը և ժողովրդավարության կամ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու կարգախոսների նկատմամբ անհաղորդ է, տրամաբանական է, որ ձեր հավանական դաշնակիցը պետք է լինի Արևմուտքը: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ դուք չեք ակնկալում Արևմուտքի աջակցությունը՝ վախենալով թշնամանալ Ռուսաստանի հետ:

– Ձևակերպումը մերը չէ (նկատի ունի իշխանությունը բռնազավթելը.- Ա.Բ.). մենք համարում ենք, որ երկիրը հասցված է այնպիսի վիճակի, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ պատկերացնել առաջընթացը: Հասարակության և իշխանության միջև խորն անջրպետ է առաջացել, որը ես չեմ պատկերացնում, թե ինչով պետք է լցվի: Իսկ ինչ վերաբերում է դրսի ուժերի այս կամ այն կերպ օժանդակությանը, ապա ես համարում եմ, որ դա շատ փոքր տոկոս է կազմում, իսկ հիմնականը պետք է անեն Հայաստանի քաղաքացիները` քաղաքկան ուժերի հետ միասին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս