«Էրեխեքս, ախր, մեղավոր չեն այս կարգավիճակի համար» (տեսանյութ)

Միայնակ մայրը վախենում է 4 երեխաների հետ դրսում հայտնվել

«Էրեխես ասում ա՝ մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս՝ խաղամ, ասում եմ՝ չունեմ, բալես, ասում ա՝ մամ, բա խի՞ բերեցիր»,- երևանյան հիվանդություն ունեցող 14-ամյա Կարենի մայրը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ ոչ միայն չի կարողանում իր զավակների ցանկություններն իրականացնել, որի համար նրան մեղադրում են երեխաները, այլև տունը չկորցնելու, օրվա հացը հայթայթելու և կենցաղային այլ խնդիրներն ի վիճակի չէ լուծել:

Սվետլաննա Գալստյանը, ով ժամանակավորապես ապրում է Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանում, ունի 6 երեխա. 2 աղջիներն արդեն ամուսնացած են, իսկ 14-ամյա տղան հաշմանդամ է: Ասում է՝ կյանքն այնպես է դասավորվել, որ 2 անգամ ամուսնանալուց հետո, դարձյալ մնացել է մենակ՝ իր երեխաների հետ: Առաջին ամուսինը, որից նա ունեցել է 5 երեխա, տիկին Սվետլաննայի պատմելով` հարբեցող է դարձել, այնուհետև պարզվել է, որ նա ուրիշ ընտանիք ունի, որի պատճառով նրանք բաժանվել են: Երկրորդ ամուսնուց էլ տիկին Սվետլաննան ամուսնալուծվել է հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով: «Չէր կարողանում աշխատանք գտնել: Առաջին ամուսնուս երեխաների հետ էլ անընդհատ վիճում էին: Դրա համար բաժանվեցինք»,- ասում է նա:

Մեզ հետ զրույցում տիկին Սվետլաննան պատմում է, որ իր բոլոր երեխաները սովորել են գիշերօթիկ դպրոցում, քանի որ ինքն այլ հնարավորություն չի ունեցել. «Մոտ 10 տարի է՝ դուրս եմ եկել իմ տնից (որը Սիսիանում էր), քանի որ այն ավերակ է, այնտեղ հնարավոր չէ ապրել: Ապրել եմ բարեկամ-ծանոթների տանը»:

Svetlana-Luso-5

Անցյալ տարի այս ընտանիքը տեղափոխվել է Երևան՝ իրենց ծանոթներից մեկի տանն ապրելու. «Երեխաս գիշերօթիկում է սովորում, տուն չկա, որ այստեղ՝ Երևանում, մնամ: 30 հազար դրամ են ուզում մի սենյակի համար: Մեկ տարի է՝ մեր ծանոթի տանն եմ մնում, որ ասեց՝ վարձով տվեք, ուզում եմ՝ ես մնամ այնտեղ, որովհետև մոտ է գիշերօթիկ դպրոցին, բայց չունեմ այդ գումարը, որ ամեն ամիս այդքան տամ: Հիմա ունեմ առողջական խնդիրներ, չեմ կարողանում աշխատել: Իմ խնամքի տակ ունեմ 4 երեխա: Ամենափոքր երեխաս 2 տարեկան 7 ամսական է»:

Կարենը՝ տիկին Սվետլաննայի 14-ամյա որդին, երևանյան հիվանդությունից բացի՝ ունի նաև նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ. «Դեռ չգիտեմ՝ դա ի ծնե՞ է եղել, թե՞ սրսկումների պատճառով է եղել: Ինքը մինչև 3 տարեկան չէր քայլում: Ծնվել է 6.5 ամսական ու հաճախակի էր հիվանդանում: Երբ սկսեց քայլել, նոր իմացա, որ կաղում է:

Svetlana-Luso-7

Դիմեցի, ու թոշակավորեցին: Հիմա ստանում է 19 600 դրամ թոշակ»:
Այս ընտանիքի միակ եկամուտը Կարենի հաշմանդամության թոշակն է և 36500 դրամ նպաստը. «Չեմ հասցնում: Որտեղի՞ց կարող եմ հասցնել»,- ասում է միայնակ մայրը: Նա պատմում է, որ ձմռանը տունն էլեկտրաէներգայով է տաքացրել, որի պատճառով բանկից գումար է վերցրել, ու հիմա չի կարողանում այդ գումարը փակել: Վախենում է, որ իր կիսակառույց տունը, որը պատրաստվում է տալ իր հաշմանդամ երեխային, կկորցնի. «Այդ տունը չկորցնելու համար այդ նպաստը ստանում եմ՝ գցում եմ քարտի վրա, որ տունը ձեռքիցս չվերցնեն: Արդեն հասել է 300 հազարի: Ամիսը 66 հազար պետք է գցեմ, բայց իմ ամբողջ եկամուտն էլ այդքան չի կազմում»:

Տիկին Սվետլաննան արցունքն աչքերին՝ պատմում է իր և իր երեխաների կյանքի մասին: Ասում է՝ իր երեխաները ոչ մի զբաղմունք չունեն, անգամ հեռուստացույց չունեն, որ նայեն. «Չեմ կարողանում իմ երեխաների ուզածը տամ իրենց, շատ եմ նեղվում: Էրեխեքս, ախր, մեղավոր չեն այս կարգավիճակի համար»:

Տիկին Սվետլաննան նույնպես վատառողջ է. Ասում է՝ նևրոզ հիվանդություն ունի, որի համար մի անգամ բուժվել է, սակայն հիվանդությունն անընդհատ կրկնվում է, իսկ ինքը, նախ՝ չունի միջոցներ բուժվելու համար, բացի այդ՝ չի ուզում իր վրա գումար ծախսել: Ասում է՝ թե գումար ունենամ, երեխաների համար մի բան կանեմ. «Բուժվելուց հետո՝ անցյալ տարի ձմռանն աշխատել եմ, փուռում լավաշ եմ թխել, բայց որ վատացա, էլ չկարողացա: Անընդհատ գլխացավեր ունեմ, աչքերիցս արտադրություն է գալիս»:
Հիմա նա չի աշխատում, քանի որ հարմար աշխատանք չկա իր համար, բացի այդ՝ տղային խնամող է պետք. «Երեխայիս նայող չունեմ: Փոքր է, մանկապարտեզ դեռ չի գնում, բայց փետրվարին կլինի 3 տարեկան, գարնանը կուղարկեմ մանկապարտեզ, գոնե կարողանամ մի թեթև գործ գտնել»:

Հարցին, թե՝ ձեր առաջնային խնդիրը ո՞րն է այսօր, նա պատասխանեց. «Առաջին հերթին՝ ուզում եմ իմ տունը վերանորոգեմ, դուռ ու լուսամուտ չկա, ցելոֆան է փակցված: Համ էլ վախենում եմ տունս կորցնել, բանկի պարտքը որ վերցրել էի հոսանքի համար, չեմ կարողանում փակել: Ո՞նց փակեմ»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե չունի՞ հարազատներ, որոնք կարող էին իրեն օգնել: Տիկին Սվետլաննան ասաց, որ չի ուզում որևէ մեկին մեղադրել, բոլորն էլ ունեն իրենց ընտանիքները ու չեն կարողանում օգնել: Թեև նշեց, որ քույրը երբեմն գյուղից գյուղական մթերքներ է ուղարկում:

Տիկին Սվետլաննան տունը վերանորոգելու համար նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով արձագանքել է ու պատասխան նամակ է ուղարկել մարզպետարան. «Հուսով եմ՝ մի բան կլինի, եթե նամակ է գրել մարզպետարան, միգուցե օգնի»:

Տեսանյութեր

Լրահոս