Դատարանը Հրաչյա Գևորգյանի գործով որոշում կայացրեց

2014 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննարկման հիման վրա կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին ներկայացված բողոքը, կայացրեց բողոքը մերժելու մասին որոշումը՝ այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:

Սույն որոշմամբ դատարանը գտել է, որ Հրաչյա Գևորգյանի և նրա ներկայացուցչի կողմից որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց չի ներկայացվել դատարանին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արթուր Գևորգյանի կողմից իրեն սպառնալու վերաբերյալ, այն է՝ նրա մեղքը հիմնավորող ապացույցների առկայության մասին: Այդպիսով, դատարանը գտել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի Էրեբունու քննչական բաժնի քննիչ Ա. Մաթևոսյանի կողմից նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 24.06.2014 թ. որոշումն օրինական է, բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջներից, և այն վերացնելու որևէ հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո այնտեղ այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին պատմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի կողմից իր նկատմամբ շուրջ երեք ամիս շարունակ կիրառված սպառնալիքների, այնուհետև 2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած կարճատև տեսակցության մասին, որի ընթացքում վերջինս սպառնացել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով հաշվեհարդար տեսնել Հրաչյա Գևորգյանի հետ՝ պահանջելով հետ վերցնել իր դեմ ներկայացված բոլոր բողոքները և ինքնախոստովանական ցուցմունք տալ իր նկատմամբ հարուցված գործով դատաքննության ժամանակ: ՄԻՊ գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում, սակայն, կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանի կողմից կայացված որոշումն ամբողջությամբ՝ այստեղ.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս