Արմեն Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Երեւանում աշխատանքներն սկսած՝ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:
Ընդգծելով, որ միգրացիոն գործընթացների կանոնակարգումը ՀՀ կառավարության գերակայություններից է՝ փոխվարչապետը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային, հատկապես՝ ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, որն արտահայտվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Մեր երկիրը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին: Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, եւ այս տարածքում ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված՝ մեզ համար միգրացիայի ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում»,- ընդգծեց փոխվարչապետը:

Նա նշեց, որ երկկողմ հարաբերությունների առումով Հայաստանը հատկապես սերտորեն է համագործակցում Ռուսաստանի՝ որպես հայ միգրանտներին ընդունող հիմնական երկրի հետ:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստում ընդունվելիք որոշումները եւս դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման համար եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության համակարգմանը եւ առկա խնդիրների լուծմանը: Հայաստանում խորհրդի նիստն անցկացվում է առաջին անգամ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս