«Սա ինքնիշխանության հստակ կորուստ է»

Ինչպես սպասվում էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ավելի ճիշտ` Հայաստանը միացավ ԵՏՄ հիմնադրման մասին այս տարվա մայիսի 29-ին ստորագրված պայմանագրին:

Այսպիսով, Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ 2015 թ. հունվարի 1-ին: «Իհարկե, սա ինքնիշխանության հստակ կորուստ է»,- Հայաստանի անդամակցության մասին «168 Ժամի» հետ զրույցում ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Իր տեսակետը նա հիմնավորում է այն փաստով, որ, ըստ պայմանագրի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն անդամ-պետությունների, այդ թվում` Հայաստանի տարածքում ենթակա են անմիջական կիրառման, մինչդեռ այդ մարմինը լեգիտիմություն չի ստացել Հայաստանի ժողովրդի կողմից:

«Սա տնտեսական միություն չի կարող լինել, սրա մեջ տնտեսական բովանդակություն չկա: Ռուսաստանն այս միությունը ստեղծել է` որպես իրեն կից քաղաքական միավորում: Ի սկզբանե` սրա մեջ տնտեսական իմաստ չկար»,- ավելացրեց Աղասի Ենոքյանը:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ այստեղ կա ավելի կարևոր բովանդակություն, որը կապված է Արցախի հետ: Նրա խոսքով` այժմ Հայաստանն ամբողջովին մնում է Ռուսաստանի, գուցե նաև Ղազախստանի բարի կամքին, թե արդյոք նրանք կպահանջե՞ն մաքսակետ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին. «Հիմնական էական բովանդակությունը դա է: Մնացածը` բոլորն էլ գիտեին, որ մենք Ռուսաստանին կից պետություն ենք, մնացածը միշտ էլ կար, բայց այս փաստն արդեն կարևոր է, որովհետև դա միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն կարող է դառնալ հիմնավորված»:

Կարդացեք նաև

Ի դեպ, երեկվա նիստում հենց այս կարևոր հարցն է շոշափել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հիշեցնենք, որ հենց Նազարբաևը, Աստանայում ընթերցելով Իլհամ Ալիևի նամակը, Սերժ Սարգսյանին հորդորել էր այնպես անել, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին, այսպես ասած, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Իսկ երեկ Ղազախստանի նախագահը Մինսկում հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը լուծվել են բանակցությունների ընթացքում, և այժմ Ղազախստանը որևէ խոչընդոտ չի տեսնում:
«Հաջողվել է փոխզիջման հասնել սահմաններին առնչվող նրբանկատ հարցում, որոնց շրջանակներում Հայաստանը միանում է ԵՏՄ-ին»,- ռուսական «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ` ասել է Ղազախստանի նախագահը:

Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին միանալու որոշման մասին հայտարարել էր դեռ 2013 թ. սեպտեմբերի 3-ին, և դրանից հետո պայմանագրի ստորագրումը հետաձգվել էր մի քանի անգամ: Ի վերջո, Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը հայտարարեց, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին:

Հայաստանի նախագահը, ով երեկ մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով` Եվրասիական միություն ձևավորած պետություններին շնորհավորելով ԵՏՄ պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի կապակցությամբ:

«Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց` ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք` որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձևաչափ:

Իհարկե, Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի` դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձևավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին: Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունը` հիմնվելով համընդհանուր և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում և ենթադրում է լիարժեք ու իրավահավասար համագործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ: Համաշխարհային փորձը վկայում է, որ միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձևաչափում՝ զարգացող երկրները կարող են զարգացման և մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը և առավելությունները ճիշտ օգտագործվեն:

Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանը` հիմնվելով սեփական փորձի և մրցունակության առավելությունների վրա, այդ թվում` ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների շարունակման միջոցով, իր լուման ներդնի եվրասիական տարածքի ամրապնդման գործում: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք դրանում և պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության»,- մասնավորապես հայտարարել է Ս. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս