ԵՏՄ համագործակցության շրջանակներում կան որոշակի խնդիրներ. փորձագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանի՝  ԵՏՄ-ին անդամակցելու մասին,  ասաց, որ մեր շահն այն է, որ կան որոշակի տնտեսական էլեմենտներ, որոնք փորձում են ստեղծել միասնական տարածք, որտեղ լինելու է մարդկային ռեսուրսների, ապրանքների ազատ տեղաշարժ:

«Պատմությունը ցույց է տալիս, որ նման կառույցների հիմքում ընկած է բազմաթիվ դերակատարողների շահագրգռվածությունը՝ հանդես գալ միասնական ուժերով և ձեռք բերել լրացուցիչ դիվիդենտներ այդպիսի համագործակցությունից: Կան հետաքրքիր էլեմենտներ, որոնք այս միության շրջանակներում պարտադրում են որոշակի մակրոտնտեսական կարգապահություն, իսկ այսպիսի էլեմենտներ կան նաև Եվրամիության համապատասխան հիմնարար փաստաթղթերում, որը երբ մի պահ աչքաթող արվեց. հունական ճգնաժամը մասամբ պայմանավորված եղավ դրանով»,-նշեց նա:

Փորձագետը նկատեց, որ այս համագործակցության շրջանակներում կան որոշակի խնդիրներ. «Վերջին մեկ տարվա ընթացքում տեսանք, որ հիմնական դերակատարների մոտ, որոնք հանդես են գալիս, որպես միության հիմնարար հայրեր, կային նաև ներքին հակասություններ՝ երկկողմանի բնույթի՝ Ռուսաստան- Բելառուս, Ռուսաստան-Ղազախստան: Մենք նաև տեսանք, որ այդ տարաձայնությունները ստանում են որոշակի ուղղություններ: Եթե ուշադրություն դարձնենք պաշտոնական այցերին, որոնք եղել են Ռուսաստանի կողմից և՛ դեպի Ղազախստան, և՛ դեպի Բելառուս, կտեսնենք, որ կան լրացուցիչ էլեմենտներ, որոնք պետությունը կարող է ստանալ անդամակցելու դեպքում: Ընդհանուր առմամբ կան որոշակի մեխանիզմներ բանակցային գործընթացների համար՝ ապահովելու ոչ թե մեկ դերակատարողի շահը, այլ բոլորի շահերը հաշվի առնել որոշ չափով: Մենք պետք է մտածենք, թե ինչպես՝ օգտագործելով եղած օբյեկտիվ  սահմանափակումները, մաքսիմալ ձևով օգտագործենք նաև այն պոտենցիալը, որը կլինի միությանն անդամակցելուց հետո»,-ասաց քաղաքագետը:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս