Քաղաքագետի հիշեցումը տաք աշնան հեղինակներին և սառը ցնցուղ գործադրողներին (տեսանյութ)

«Ե՛վ տաք աշնան հեղինակներին, և՛ սառը ցնցուղ գործադրողներին ուզում եմ մի բան հիշեցնել, որ ժողովուրդը սուվերեն է, ինքնիշխան է, պետք է իրականանա ժողովրդի կամքը, եթե նա ցանկանում է, որ այսօր՝ այս պահին, քաղաքական էլիտան փոխվի, պետք է փոխվի, եթե չի ուզում, վստահ եղեք, որ այդ ընդդիմության, իշխանության խոստումները ոչ մի ձև չեն իրականանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին:

Նա նկատեց, որ արտաքանապես առաջացել է խառնիճաղանջ մի ամբոխ, և, պարզ է, որ ժողովրդի հետ մանիպուլյացիաներ անելը հեշտ է: Ըստ քաղաքագետի՝ քաղաքական էլիտայի խնդիրը ժողովրդին բարձրացնելն է, ոչ թե սպեկյուլատիվ կերպով ժողովրդի առաջացած վիճակի մեջ սեփական խմբային շահեր առաջնորդելը:
Լ. Շիրինյանի խոսքով՝ քաղաքական գործընթացը պետք է շարժել, և այստեղ ո՛չ Հանրապետականը պետք է խանդոտ նայի: «Ասում են՝ մենք կառավարելու ենք, ինչի՞՝ դուք հիտլերյան հազարամյա ռա՞յխն եք ստեղծելու, եթե ժողովուրդը չուզենա, ո՞նց եք կառավարելու, կամ էլ կառավարելու եք այլ ուժերի հովանավորությամբ, ո՛չ էլ ընդդիմությունը պետք է մեծ-մեծ խոսի՝ այս կսարքենք, այն կսարքենք, չգիտեմ-ինչ կանենք, սրանք, կարծում եմ՝ ծայրահեղություններ են»:

«Գործընթացը պետք է փոխվի, իշխանության մի մասը կամ ամբողջությամբ պետք է փոխվի անպայմանորեն»,- վստահեցնում է քաղաքագետը:
Նա ցանկանում է, որպեսզի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եռյակը իր շարժումը հռաչակի որպես սահմանադրական շարժում և բացատրի, որ իշխանափոխությունը այսօր կլինի, թե 2 տարի հետո, դա չէ կարևորը, կարևորը գործընթացը շարժելն է Սահմանադրության շրջանակներում. «Այսօրվա հեղինակությունների իշխանությունը կփոխարինվեր իշխանությունների հեղինակությամբ, ինչի կարիքը շատ ունենք: Հեղինակությունների իշխանության վրա առաջացած այս պատկերը փլուզվելու հնարավորություն ունի ճգնաժամային իրավիճակներում»:

Ըստ Լ.Շիրինյանի՝ «իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ» հարցը հրահրվում է. «Ամսի 10-ին միտինգը կլինի, և կարելի է ենթադրել, որ միտինգի տրամադրությունը կհուշի փոփոխությունների պահանջ ներկայացնող օպոզիցիային՝ չափն ինչպես վերցնել»:
Քաղաքագետն նաև ցանկանում է, որ հանրահավաքում հնչի հետևյալը. «Եռյակը պետք է հստակ հայտարարի հայ ժողովրդին՝ ինքն իսկապե՞ս արմատական փոփոխություններ է ուզում: Եթե այո, դա չպետք է հանգի միայն իշխանության փոփոխությամբ, իշխանության փոփոխությունը պայման կարող է լինել: Հստակ պետք է հայտարարվի՝ երկրում պետք է կառուցվի իրավական պետություն: Եթե սա չի լինելու, անիմաստ է լինելու ամեն ինչ: Պետք է հստակ ասի, թե ինքը տնտեսական քաղաքականության հենքը ի՞նչպես է պահելու՝ ազատականություն կոչված այն տարբերա՞կը, ինչը կա Հայաստանում, թե՞ կոնկրետ ինչ-որ տնտեսական ուսմունքներ:

Կարդացեք նաև

Արտաքին քաղաքականության ոլորտում էլ պետք է հռչակվի սկզբունքը, այսինքն՝ ես կարծում եմ՝ պետք է հստակ ասվի՝ ոչ մի կողմնորոշում, կողմնորոշումներն առհասարակ մահ են բերում: Պետության ստեղծման գործը մեր խնդիրն է, և այստեղ բանաձևը հետևյալն է՝ եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն»:
Լրագրողներից մեկի հարցին, թե սոցիալական խնդիրներ այսօր մարդկանց ավելի շատ են փողոց հանում, քան քաղաքական հանրահավաքները, հոկտեմբերի 10-ին մարդիկ համախմբվելո՞ւ են քաղաքական խնդրի շուրջ, Լ. Շիրինյանն այսպես պատասխանեց.

«Երբ քաղաքացիական շարժումը ծավալվեց, գիշեր-ցերեկ ասում էին՝ հանկարծ չքաղաքականանա: Ես կարծում եմ՝ հարցը պետք է քաղաքականանա, հարցի լուծման ուրիշ ձև չկա: Եթե զանգվածը տեսնի իր շահը քաղաքական այս ընդդիմության՝ եռյակի գործողության մեջ, կգնա հետևից, եթե ոչ՝ նորից տուն կգնա: Այստեղ ուրիշ հարց կա. այս անգամ եռյակը պետք է իմանա, որ խաղի տեղ ինքը չունի, որովհետև եթե ինքը քաղաքականապես հիասթափեցրեց, սոցիալական հարցին տեղ չեղավ, այլևս ոչ մի հավատ չի մնալու: Այն կուսակցություններն ու կառույցները, ովքեր սպասողական դիրք են վերցրել, սրանք դառնում են գործընթացի, նաև իշխանության հանդեպ մեղքի բաժին ունեցողներ, որովհետև իշխանությունը պետք է լինի նորմալ ճնշման տակ և նա պետք է գործի: Սոցիալական հարցը քաղաքական հարցից բաժանել հնարավոր չէ, դա միշտ վերածվում է քաղաքական հարցի: Կամ սոցիալական հարցը չի կարող լուծվել՝ առանց քաղաքական լուծումների»,- նկատեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս