Լ. Ալավերդյան. Ադրբեջանը դիվերսանտների պատմությունը այնպես է ներկայացնելու, որ նրանք իրենց երկրին պատկանող տարածքներում զբոսնել են, սեպարատիստները հարձակվել են
«Մեզ համար, կարծես, արդեն դարձել է առօրյա մի բան, երբ միջազագային հանրության այս կամ այն կառույցն ընդունում է որոշումներ, որոնք ամենևին չեն արտացոլում իրականությունը, իրողությունը և իրավական վիճակը, սա ընդունվում է արդեն որպես նորմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 կողմ և 74 դեմ ձայնով։ Զեկույցը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։
Լ.Ալավերդյանը նկատեց, որ դրական է գոնե այն, որ հայաստանյան պատվիրակության պահանջի օգտին քվերակել են բավականին մեծ թվով պատգամավորներ. «Այս անգամ ավելի քան 70 մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին և կողմ է, փաստորեն, ադրբեջանական նախագծին»:
Ըստ Լ.Ալավերդյանի՝ այդ նախագծի անվանումն արդեն իսկ ասում է նրա մասին, որ զեկուցողն ունի արդեն եզրակացություն. «Ես ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի աշխույժ գործը, որը տեղի է ունեցել դիմադրելու համար, բայց նույն կարծիքին եմ, որ հայկական կողմի գործունեությունը պետք է պռոակտիվ լինի: Այսինքն՝ ոչ թե պետք է սպասել, որ Ադրբեջանն այս կամ այն նախաձեռնությամբ հանդես գա, այլ պետք է ինքներս նախաձեռնությամբ հանդես գանք: Հնարավոր է՝ հայկական կողմը էն գլխից գիտի, որ դրական որևէ արդյունքի կարող է չհասնել, բայց անգամ այդ դեպքում պետք է քաղաքականությունը, տվյալ դեպքում պատլամենտական դիվանագիտությունը, լինի նախաձեռնողական»:
Հարցին, թե ՀՀ պատվիրակությունն ի՞նչ կարող էր անել, որ չարեց, Լ.Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Պետք է ասենք, որ 10-15 տարի առաջ ավելի քան պասիվ էին, երբ 2001 թվականից մտել էինք Եվրոպայի միություն որպես անդամ, էլ չեմ ասում, որ որպես դիտորդ էլ ենք եղել մի քանի տարի: Աշխատանքները պետք է արվեն մինչ սեղանի մոտ մոտենալը, մինչ նիստը սկսվելը: Ավելի վատ էր մի քանի տարի առաջ, գոնե, Դավիթ Հարությունյանի ժամանակներից սկսած փոքր-ինչ աշխուժություն է նկատվում, բայց այդ փոքր-ինչը, իրոք, փոքր-ինչ է: Եթե մենք ունենք բաց թողած ժամանակ, անշուշտ պետք է լինենք ավելի ակտիվ: Ես չեմ ասում, որ շատ ակտիվ լինենք, միանգամից գրանցելու ենք արդյունքները, բայց որ այդ ակտվիությունը մեր իրավիճակի հետ համեմատած պատշաճ չէ, այն աստիճան չէ, ես դա միանշանակ պետք է ասեմ»:
Լ. Ալավերդյանը նկատեց, որ կա կոնցեպտ, որի համաձայն՝ Հայաստանի բոլոր պատվիրակությունները ամենուր, բացի Մինսկի խմբից, ընդունում են, որ դա այն տեղը չէ Արցախի հարցը բարձրացնելու համար. «Այդ կոնցեպտը չի դիմանում որևէ քննադատության, որովհետև Մինսկի խումբը ճանաչվել է որպես խումբ, որն անմիջականորեն զբաղվում է դրանով: Բայց արգելք չկա, որ այլ հարթությունններում, այլ միջազգային հաստատություններում այդ հարցը բարձրացվի, որևէ մեկը չի կարող արգելք դնել: Համոզված եմ՝ բոլոր հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում բոլորի հետ պետք է տարվի մանրակրկիտ աշխատանք»:
Հարցին, թե ԼՂ-ի շուրջ բանակցությունները սառեցվա՞ծ են, Լ.Ալավերդյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ բանակցություններ գոյություն չունեն, դրանք հանդիպումներ են. «Այդպիսի հանդիպումները չեն կարող բանակցություններ կոչվել, որովհետև անմիջական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ միայն ընդգրկված չէ, այլ ավելի և ավելի դե յուրե հեռացվում է այդ բանակցային գործընթացից»:
Լրագրողներից մեկի հարցին, թե այդ նախագծի ընդունումից հետո ի՞նչ շոշափելի հետևանք կունենանք, Լ.Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Ժամանակին Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ-ին և մեկ այլ մարմնի, որի մասին հայկական փորձագիտական խմբերն անընդհատ հուշում էին:
Դա փաստերի արձանագրման կոմիտեն է: Նրանք դիմել էին բավականին հստակ ազդակով՝ ուսումնասիրեք օկուպացված տարածքներում անօրինական վերաբնակեցման խնդիրը: Իրապես եկել են, ստուգել են, գրի են առել, ինչը ընդունելի չէ ԵԱՀԿ-ի համար: Հիմա նույնն այստեղ է լինելու: Դա ևս մեկ թուղթ է, որի շնորհիվ Ադրբեջանը հետագայում ասելու է՝ միջազգային փորձն ու իրավունքը ասում է, որ սրանք օկուպացված տարածքներ են և ուրիշ ոչինչ:
Այսինքն՝ Մենք չենք կարողանում ձևավորել այնպիսի կարծիք և ընդունված փաստաթղթեր, որոնք կաշխատեն»:
Լ. Ալավերդյանն ասաց, որ որոշ ադրբեջանական կայքերում կարդացել է, որ ադրբեջանական սահմանամերձ գյուղերում պատ է կառուցվում, որովհետև Հայաստանը ռմբակոծում է այդ գյուղերը.
«Մենք պետք է հասկանանք, որ այդ պատը իրենք ավելի շուտ են կառուցելու ՝ որպես ապացույց: Եթե պետք լինի այնտեղ մի քանի տուն էլ կքանդեն, որ ապացույցներ հավաքեն»:
Ըստ իրավապաշտպանի՝ այս նախագծից հետո գալու են ԼՂ, նորից ուսումնասիրելու են, նորից արձանագրելու են, թե ինչ կա. «Այդ նույն դիվերսանտների պատմությունը, իմ կարծիքով, այնպես է ներկայացվելու, որ այս անձինք եկել են և իրենց երկրին պատկանող տարածքներում զբոսնել են, մեկ էլ իրենց վրա հարձակվել են այս սեպարատիստները և բռնություն են գործել, նրանք էլ դիմադրել են, այդ ընթացքում այն կողմից էլ, այս կողմից էլ մարդիկ են սպանվել: Ու Ադրբեջանի լեզվով՝ «անօրինական երկիրը ուզում է իր անօրիանական դատարաններում դատի Ադրբեջանի քաղաքացիներին»: