«Ես ինձ սպանելու եմ, վրաս չլացես». ինքնասպանությունից առաջ զինծառայողը զանգահարել էր հորը. նրան սպառնացել էին փչացնել
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է բանակում ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանի գործով դատաքննությունը: Դատարանը գործով ամբաստանյալ Շմավոն Կյուրեխյանին մեղադրել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, շորթման մեջ, և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Պարույր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դատապարտվելով 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալ Արման Մուրադյանը մեղավոր է ճանաչվել իշխանության անգործության մեջ՝ դատապարտվելով 3 տարի ժամկետով ազատազրկման: Նարեկ Միտոյանը մեղավոր է ճանաչվել ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ. նրա նկատմամբ պատիժ է նշանվակել կարգապահական գումարտակում պահելու ձևով՝ 6 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է Նարեկ Միտոյանի նկատմամբ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Datalex դատական տեղեկատվական կայքում հրապարակված վճռում դատարանը նշել է, որ դատարանն ապացուցված համարեց, որ 2013թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 16-ի սահմաններում, գործով ամբաստանյալ, շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իր «Սամսունգ» բջջային հեռախոսը թաքցրել է իրենց վաշտում: Տողանի ավարտից հետո, երբ վաշտի անձնակազմը գնացել է շարահրապարակ, նույն վաշտի օրապահը վերցրել է Պարույր Մկրտչյանի հեռախոսը:
Ժամը 17-ի սահմաններում վաշտի անձնակազմը վերադարձել է զորանոց՝ զենքերը մաքրելու համար, Պարույր Մկրտչյանը՝ պարզելով, որ հեռախոսը բացակայում է, և ենթադրելով, որ այն հափշտակել են, հայհոյանք է տվել հեռախոսը վերցնողի հասցեին: Պարույր Մկրտչյանն օրվա վերակարգի մեջ գտնվող օրապահներին հարցրել է, սակայն, հեռախոսը գրպանում թաքցնելով՝ հայտնել են, որ հեռախոսից տեղեկություն չունեն: Նույն ժամանակ հեռախոսի կորստյան մասին տեղեկացել է նաև վաշտի շարքային, քրեական գործով մյուս ամբաստանյալ Շմավոն Կյուրեխյանը, ով Պարույր Մկրտչյանից ճշտելով օրվա վերակարգի մեջ գտնվող օրապահներին, ասել է, որ հեռախոսը հաստատ գողացել է վաշտի շարքային զինծառայող, այդ օրվա մյուս օրապահ, քրեական գործով տուժող Վանիչկա Հովակիմյանը:
Դատարանը հաստատված է համարել, որ անհիմն կասկածներ ունենալով Վանիչկա Հովակիմյանի կողմից նախկինում կատարված հեռախոսների գողության մեջ՝ ամբաստանյալը վաշտի զինծառայողներից սկսել է հետաքրքրվել այդ մասին, մասնավորապես, շարքային երկու զինծառայողների հայտնել է, որ Վանիչկա Հովակիմյանը գողացել է Պարույր Մկրտչյանի հեռախոսը, ժամանակին գողացել է նաև նրանց հեռախոսները, և, որ դրանք կարող են գտնվել: Կարեն Ավետիսյանն ու Նարեկ Նազարյանը բացառել են Վանիչկա Հովակիմյանի կողմից իրենց հեռախոսները գողանալու հանգամանքը, հայտնել են, որ վերջինիս երբեք չեն կասկածել գողության մեջ: Պարույր Մկրտչյանը նույնպես վաշտում կարծիք է հայտնել, որ հեռախոսը գողացել է Վանիչկա Հովակիմյանը, մասնավորապես՝ շարքային Արայիկ Մկրտչյանին ասել է, որ կասկածանքի պատճառը նրա կողմից նախկինում հեռախոսներ գողանալու հանգամանքն է:
Դատարանը հաստատված է համարել, որ չնայած Վանիչկա Հովակիմյանը հերքել է իր կողմից հեռախոսը գողանալու հանգամանքը, երկու ամբաստանյալները մեղադրել են նրան հեռախոսի գողության մեջ, նախ՝ վաշտում, հայհոյանքների ներքո պահանջել են վերադարձնել գողացած հեռախոսը, ապա պարզաբանումներ կատարելու՝ հեռախոսի գողությունն ընդունելու և այն հետ վերադարձնելու նպատակով, Վանիչկա Հովակիմյանին կանչել են վաշտի պահասենյակ:
Շմավոն Կյուրեխյանի կանչով պահասենյակ է գնացել Վանիչկա Հովակիմյանը, որտեղ ամբաստանյալներից երկուսը նրան մեղադրելով հեռախոսի գողության մեջ, նրա հասցեին ուղղված հայհոյանքների ներքո, հեռախոսը փնտրելու նպատակով մերկացրել են վերջինիս՝ պահանջելով հանել զինվորական համազգեստը, ապա մեկ այլ շարքային զինծառայողի միջոցով ստուգել են նաև նրա ուսապարկը: Այդ ընթացքում պահասենյակ տարբեր առիթներով մտել են վաշտի մի շարք զինծառայողներ, ովքեր ականատես են եղել կատարվող գործողություններին: Ուսապարկում հայտնաբերվել է մեկ զույգ ականջակալ և հեռախոսի մարտկոց, Վանիչկա Հովակիմյանը հայտնել է, որ դրանք իրենն են, սակայն չհավատալով նրան, պահասենյակ են կանչել վաշտի օրապահներից մեկին և հանձնարարել դրանք ցույց տալ համածառայակիցներին և պարզել, թե ում են պատկանում: Վերջինս կատարել է պահանջը, սակայն վաշտում ոչ ոք չի արձագանքել, որից հետո ամբաստանյալն անձամբ դուրս գալով պահասենյակից՝ վաշտում հարցուփորձ է արել մարտկոցի և ականջակալի վերաբերյալ, սակայն կրկին ոչ ոք չի արձագանքել:
Դատարանը հաստատված է համարել, որ վաշտի հրամանատար Արման Մուրադյանին զինծառայողները տեղեկացրել են, որ հեռախոսի գողության մեջ կասկածում են Վանիչկա Հովակիմյանին: Ըստ դատարանի՝ Պարույր Մկրտչյանը, հիմնավորելով իր կասկածները Վանիչկայի կողմից հեռախոսը գողանալու մեջ, հայտարարել է, թե. «էսօր վաշտից տռուպ է լինելու»: Շմավոն Կյուրեխյանն իր հերթին՝ հայտնել է, որ հեռախոսի գողության մեջ կասկածում են Վանիչկա Հովակիմյանին, պատճառաբանելով, որ նա նախկինում էլ է գողություններ կատարել: Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ, նշված ենթականերից իրազեկվելով, որ զինծառայողների միջև տեղի են ունենում ոչ կանոնագրքային փոխհարաբերություններ, դրսևորել է իշխանության անգործություն, չի խափանել ոչ կանոնադրական փոխհարաբերությունները, չի հաստատել ենթակա զինծառայողների միջև կարգուկանոն և կարգապահություն:
Դատարանը հաստատված է համարել նաև, որ մինչև ժամը 18-ն ընկած ժամանակահատվածը Վանիչկա Հովակիմյանին կրկին կանչել են պահասենյակ, այլ զինծառայողների ներկայությամբ շարունակել են մեղադրել նրան հեռախոսի գողության մեջ, հայհոյանքների, սպառնալիքների և հալածանքների զուգորդմամբ պահանջել են վերադարձնել հեռախոսը: Ամբաստանյալը, հայտարարելով, որ հեռախոսն իր հարազատի նվերն է, ոչ ոք իրավունք չունի իրեն զրկել հարազատների հետ հաղորդակցվելուց, Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ օձիքից քաշքշելով և նրա դեմքին հարվածելով, այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով, պահանջել է, որ նույն օրը` մինչև ժամը 19-ը, վերադարձնի իբր գողացված հեռախոսը: Այն չվերադարձնելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, սպառնացել է վերջինիս հետագա ծառայության ընթացքում անձնակազմի շրջապատում փոփոխել նրա կարգավիճակը, հայտարարելով, որ «փչացնելու է»:
Վանիչկա Հովակիմյանը հերքել է ինչպես՝ անցյալում, այնպես էլ՝ Պարույր Մկրտչյանի հեռախոսն իր կողմից գողանալու հանգամանքը, երդվել է սրբություններով, խնդրել է հավատալ, սակայն Պարույր Մկրտչյանն ու Շմավոն Կյուրեխյանը պնդել են, որ նա է գողացել հեռախոսը, պահանջել են վերադարձնել:
Դատարանը հատատված է համարել, որ ժամը 18:00-ին Վանիչկա Հովակիմյանը, զինծառայողների գործողությունների հետևանքով գտնվելով խիստ լարված հոգեկան վիճակում, մոտեցել է, վաշտի ընդունող օրապահից խնդրել նրա բջջային հեռախոսը, ապա դուրս է եկել զորանոցից, զանգել հորը և ասել. «Ես ինձ սպանելու եմ, վրաս չլացես»: Մեկ կամ երկու րոպե անց վերադարձել է, հեռախոսը վերադարձրել օրապահին ու մտել զինանոց, խնդրելով, որ շարքայինն իր հետևից փակի զինանոցի դուռը: Վերջինս դուռը դրսից կողպել է: Զինանոցում Վանիչկա Հովակիմյանը շտրիխ-մարկերով զինապահարանի աջ փեղկի վրա կատարել է «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» բովանդակությամբ եռատող գրառումը, որից հետո ԱԿՄ տեսակի ինքնաձիգից մեկ կրակոց արձակելով կզակային շրջանում, ինքնասպան է եղել:
Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռի՝ դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:
Նշենք, որ դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: