ԵՄ-ը պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ
Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք առնչվելու են նավթային ոլորտին: Համապատասխան փաստաթուղթը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կողմից:
Թերթի տվյալներով՝ սահմանափակվելու է ռուսական նավթային ընկերությունների մուտքը եվրոպական կապիտալի շուկա: Ավելի վաղ նույն միջոցը կիրառվել էր ռուսական պետբանկերի դեմ:
Պատժամիջոցներն առնչվելու են ավելի քան 3 տրիլիոն ռուբլի ակտիվով պետական ընկերություններին, որոնք իրենց եկամտի կեսը ստանում են նավթի ու նավթամթերքի վաճառքից կամ փոխադրումից:
Թերթի հաշվարկներով՝ սահմանափակումներն առնչվելու են «Ռոսնեֆտին», «Գազպրոմնեֆտին» և հնարավոր է՝ «Տրանսնեֆտին»: Միևնույն ժամանակ պատժամիջոցները չեն առնչվելու «Լուկօյլ» ու «Սուրգուտնեֆտեգազ» ընկերություններին, քանի որ դրանք մասնավոր ընկերություններ են: