Ինչպես է քառյակը դառնում երկյակ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների
մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով ՍԴ դիմելու հարցը:

Հարցին, թե ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվում քառյակի նիստում, և ինչո՞ւ այդ հանդիպմանը չեն մասնակցում ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, ԲՀԿ-ականները կամ ՀՅԴ-ականները պատասխանում են, որ նրանք ցանկություն չունեն մասնակցելու դիմումի տեքստի պատրաստմանը, քանի որ այդ հարցով ևս մեկ անգամ ՍԴ դիմելը նպատակահարմար չեն համարում:

Հիշեցնենք, որ գրեթե երկու ամիս քառյակի նիստեր չեն անցկացվում. դրանց անցկացման մասին անընդհատ հայտարարվում է, սակայն նիստերի անցկացման հստակ ժամկետները չեն հստակեցվում: Դրա պատճառը քառյակում առաջացած մանր տարաձայնություններն են կառավարության գործունեության և, մասնավորապես, քառյակի կողմից հունիսին ներկայացված պահանջագրի կետերի կատարման գնահատականի շուրջ:

Դեռևս հունիսի սկզբին քառյակը կառավարությանը 12 կետանոց պահանջագիր ներկայացրեց, որոնցից առաջինը և հիմնականը կուտակային կենսաթոշակային համակարգից պարտադիր բաղադրիչի վերացումն էր: Քառյակը պահանջում էր, որ կառավարությունը կատարի ապրիլի 2-ի Սահմանադրական դատարանի որոշումը, որով օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական էր ճանաչվել: Հունիսի 21-ին խորհրդարանը փոփոխություն կատարեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, բայց պարտադիր բաղադրիչը մնաց: Քառյակը ըստ էության կառավարությունից պահանջում էր մինչև սեպտեմբերի 30-ը կրկին անդրադառնալ օրենքին և հրաժարվել պարտադիր բաղադրիչից:
Սեպտեմբերի 30-ին մնացել է ընդամենը 1 ամիս, և այդ մեկ ամիսը շատ արագ կանցնի:

Մեկ ամիս հետո քառյակի անդամ կուսակցությունները պետք է քննարկեն իրենց կողմից ներկայացված պահանջագրի կատարման ընթացքը և որոշեն` կատարե՞լ է կառավարությունն իրենց պահանջները, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս են իրենք գնահատում պահանջագրի կատարման ընթացքը: Եվ առաջին հարցը, որին նրանք պետք է պատասխան տան, այն է, թե որ չափով է կառավարությունը կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից հրաժարվելու իրենց պահանջը: Սրա պատասխանը պարզ է. կառավարությունն այդ պահանջը չի կատարել և կատարելու մտադրություն չունի: Իսկ եթե կառավարությունը չի կատարել այդ պահանջը, բնականաբար, քառյակը, ինչպես խոստացել էր, պետք է մասսայական ակցիաներ սկսի և պահանջի կառավարության հրաժարականը:

Քանի որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն պատրաստ չեն իրադարձությունների զարգացման նման ընթացքին, նրանց պետք է պայքարի հարթությունը տեղափոխել այլ տեղ. կառավարությունից դեպի Սահմանադրական դատարան: Եթե այս երկու ուժերը դիմում են Սահմանադրական դատարան և վիճարկում են օրենքի սահմանադրականությունը, նշանակում է` հրաժարվում են կառավարությանը ներկայացրած պահանջից: Ստացվում է, որ նրանց պահանջն ուղղված է ոչ թե կառավարությանը, այլ Սահմանադրական դատարանին:

Թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, հիմա էական չէ, կարևորն այն է, որ սեպտեմբերի 30-ին, երբ լրացած կլինի կառավարությանը ներկայացված պահանջագրի վերջնաժամկետը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցը լինի Սահմանադրական դատարանում, և ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները կկարողանան ասել, որ այդ օրենքի դեմ պայքարը շարունակվում է, որ Սահմանադրական դատարանում է իրենց դիմումը` օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Դա է պատճառը, որ այս երկու կուսակցությունները ՍԴ դիմելու հարցը քննարկում են միայն հիմա, իսկ ՍԴ կդիմեն սեպտեմբերի կեսերից ոչ շուտ: Մինչդեռ կարող էին դա անել հունիսին, հուլիսին կամ օգոստոսին, բայց այդ դեպքում ՍԴ-ն կհասցներ մինչև սեպտեմբերի 30-ը հերթական վճիռը կայացնել: Մինչդեռ պետք է, որ հարցը հնարավորինս ձգձգվի` լավագույն տարբերակը` մինչև նոյեմբեր կամ ամանորյա տոներ:

Չնայած ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն միանում ՍԴ դիմելու պատրաստակամություն ունեցող ՀՅԴ-ԲՀԿ երկյակին, բայց մյուս կողմից` հրապարակայնորեն չեն էլ արտահայտում իրենց անհամաձայնությունը նրանց կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ:

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում ասում են, որ ՀԱԿ-ում որոշում կա այս հարցով լռություն պահպանել: Պատճառն այն է, որ եթե ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարեն, որ անմաստ է նույն հարցով երկու անգամ ՍԴ դիմել, իսկ դրա փոխարեն ընդամենը պետք է պահանջել, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կատարեն ՍԴ նախորդ որոշման պահանջները, կստացվի, որ ընդունում են, թե գրեթե մեկ տարի զբաղված են եղել անհեթեթ զբաղմունքով` քառյակ են ստեղծել, քառյակի շրջանակներում բուռն պայքար ծավալել, որի վերջնարդյունքը լինելու էր նույն հարցով անվերջ ՍԴ դիմելը:

Բացի այդ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չգիտեն, թե ինչ են անելու քառյակի գործունեության դադարեցման դեպքում: Արդյո՞ք իրենք երկուսով շարունակելու են պահանջատեր մնալ 12 կետերին և ի՞նչ են անելու սեպտեմբերի 30-ից հետո:

Այն ժամանակ նրանք հայտարարում էին, որ պահանջները չկատարելու դեպքում սկսելու են հուժկու հանրահավաքային պայքար և հասնելու են ամբողջական իշխանափոխության: Բայց դա ասում էին քառյակով և ոչ թե առանձին-առանձին:
Հիմա արդեն պարզ է թե ինչու են Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը մարզային այցելություններ կազմակերպում և հայտարարում, որ միայնակ ՀԱԿ-ը չի կարող հանրահավաք հրավիրել կամ իշխանափոխություն իրականացնել առանց ԲՀԿ-ի: Գրեթե նույնը վերաբերում է «Ժառանգությանը»:

Հ.Գ. Քառյակի ճգնաժամը միայն առաջին հայացքից է այդքան լուրջ, և կարելի է հույս ունենալ, որ քառյակը, այնուամենայնիվ, չի կազմաքանդվի: Չնայած քաղաքական առումով այն ի սկզբանե դատապարտված էր, բայց կառույցի անդամ կուսակցությունների և նրանում ընդգրկված անհատների համար բավական շահավետ և օգտակար գործունեություն է իրականացնում, որը, ի դեպ, կարող է և այսուհետ ևս շարունակվել:

Տեսանյութեր

Լրահոս