Բաժիններ՝

ԿԲ-ն շարունակում է օգնել կառավարությանը

Եվ այսպես, ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հերթական անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%։

Սա ռեկորդային ցածր տոկոսադրույք է վերջին 4 տարվա կտրվածքով։ վերաֆինանսավորման տոկսադրույքը ավելի ցածր եղել է 2010 թվականի մարտին՝ 6.5%։

Նշենք նաև, որ ընթացիկ տարում տոկոսադրույքը արդեն վերանայվել է 4 անգամ՝ նվազման ուղղությամբ (ամբողջ 2013-ի ընթացքում՝ 3 անգամ, 2012-ին փոփոխության չի ենթարկվել)։

Ինչո՞ւ է ԿԲ-ն իջեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն իր մամուլի հաղորդագրության մեջ նշում է։

repo-rate

«Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ,  կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015 թ-ի ընթացքում »:

Եթե ավելի պարզ ասենք, ԿԲ-ն գտնում է, որ տնտեսական աճի տեմպերը բավարար չեն, վիճակը կարող է է՛լ ավելի վատանալ, և դրա համար թուլացնում է դրամավարկային պայմանները՝ էժանացնում է փողը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սովորաբար բերում է գնաճային ճնշումների, սակայն ԿԲ-ն հանգիստ է այս հարցում և հավաստիացնում է, որ գոնե կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում։

Կարճ ասած՝ ՀՀ Կենտրոնական բանկը օգնության է հասնում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը՝ տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու հարցում։ Մանավանդ հաշվի առնելով մետաղների գների անկումն ու Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները՝ կառավարությունը հաստատ օգնության կարիք ունի։ Այլ հարց է, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքը իրականում ինչ ազդեցություն կունենա։ Ի վերջո, այդ գործիքը ազդեցիկ է այն երկրներում, որտեղ բանկային համակարգը ակտիվ մասնակցություն ունի տնտեսության մեջ, որտեղ բանկային միջնորդության մակարդակը բարձր է։ Իսկ Հայաստանում այդ ցուցանիշը բավականին ցածր է։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մասնավոր հատվածին տրամադրված ներքին վարկավորումը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 42.7%-ը։ Մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 100%-ը, շատ դեպքում անգամ 200%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս