Տեղեկատվական պատերազմների 6 հնարքները
1. Ասոցացում
Իմաստը պարզ է. որպեսզի անձնավորությանը կամ երևույթին ավելի մեծ նշանակություն տրվի, անհրաժեշտ է այն ասոցացնել, կապել բարձր կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի կամ երևույթի հետ։ Հնագույն պատմությունից այդ հնարքի ամենավառ օրինակը Օկտավիանոս Օգոստոսի հայտնի օրենքն էր «Կայսերական մեծությանը վիրավորելու մասին» (Մ.Թ.Ա 1-ին դար)։ Իմաստն այն էր, որ կայսերն ուղղված ցանկացած վիրավորանք հավասարեցվում էր Հռոմին ուղղված վիրավորանքի հետ։ Հռոմեացիներին ներշնչում էին այն միտքը, որ գերագույն իշխանությանն ուղղջած քննադատությունը մշտապես կազմակերպվում է ներքին թշնամիների, ասենք, կաշառակեր և անազնիվ սենատորների կողմից։
Իսկ կայսրն այսպիսով դառնում էր կարգուկանոնի և կայունության խորհրդանիշ, ունեցվածքի անձեռնմխելիությն երաշխավոր։ Հռոմեացիներեին ասիճանաբար համոզում էին, որ կայսրն ու Հռոմը անբաժանելի են, հետևաբար, հանրապետական ազատ բարքերի մասին կարելի էր մոռանալ։
Հայկական իրականության մեջ այս հնարքը նույնպես օգտագործվում է։ Օրինակ, առանձին եկեղեցականների դեմ ուղղված քննադատությունը փորձ էր արվում նույնացնել Հայ առաքելական եկեղեցու քննադատության և վարկաբեկման հետ։
Կան նաև հակառակ օրինակները, երբ վարկաբեկման համար մարդուն նույնացնում են միանշանակ բացասական կերպարի կամ երևույթի հետ։
2. Կոնսպիրոլոգիա
Մարդիկ փաստերով այնքան էլ չեն հետաքրքրվում. դրանք հաճախ ձանձրալի են և անհետաքրքիր։ Մարդկանց պետք են սենսացիաներ։Դրա համար էլ տեղեկատվական պատերազմներում հաճախ օգտագործվում են կոնսպիրոլոգիական հղումներ, առավել հաճախ՝ առեղծվածային դավադրություններ, որոնք հնարավոր չէ հաստատել կամ հերքել փաստաթղթերով՝ հենց նույն գաղտնիության պատճառով։
Օրինակ, մարքսիզմի հակառակորդ նացիստները մատնանշում էին Մարքսի հրեական ծագումը և նրա փիլիսոփայությունը համարում խորամանկ գործիք՝ հրեաների համաշխարհային տիրապետություն հաստատելու համար։ Այլ հակամարքսիստներ էլ նշում էին, որ Մարքսի գրքերը գրվել են անգլիական հետախուզության կողմից՝ Ռուսաստանը ստրկացնելու համար։ Այս լեգենդները մինչ օրս էլ պահանջված են, քանի որ որոշ ուժերի օգնում են թշնամու կերպ ձևավորելու հարցում։
Հայկական իրականության մեջ հնարքը, օրինակ, օգտագործվում էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։
Նույն շարքի մեջ կարելի է դասել նաև գուշակությունները։ Օրինակ, Գեբբելսը ժամանակին հրամայեց տպագրել Նոստրադամուսի գրքերի հատուկ տպաքանակ՝ «ճիշտ» մեկնաբանություններով, և տարածել արևմտյան երկրներում, ապացուցելու համար, որ ֆյուրերի գալուստը կանխագուշակված էր դեռ միջին դարերում։ Ներկայումս այս հնարքը նույնպես կիրառվում է, թեպետ ավելի մոդայիկ է դարձել Վանգան։
3. Թվային մանիպուլյացիա
Թվերը ենթագիտակցության վրա շատ լուրջ ազդեցություն ունեն, քանի որ ընկալվում են որպես ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկի արդյունք։ Ասում են՝ այդ մեթոդի սիրահարներից էր զորավար Սուվորովը։ Համհարզի հարցին, թե հաշվետվության մեջ քանի՞ զոհ նշի թուրքերի կողմից, Սուվորովը պատասխանում է՝ գրի ավելին, քան պառկած են, ինչի՞ համար դրանց խղճանք։
Այս մեթոդը փորձում են օգտագործել ադրբեջանցիները՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով նշելով իրենց ռազմական ծախսերի, բանակի թվաքանակի և այլնի մասին։ Ամենաթարմ օրինակներից մեկը այն հայտարարությունն էր, որ վերջին դեպքերի ժամանակ հայկական կողմից զոհվել են 70 հոգի։
Սա նշանակում է, որ հրապարակվող ցանկացած թիվ պետք է ստուգվի փաստերով։ Դրա համար էլ ադրբեջանցիների փուչիկն արագ պայթեց, քանի որ իրենց զոհերի անունները հայտնի դարձան, իսկ հայկական կողմի մեծաքանակ զոհերի թիվը այդպես էլ չհաստատվեց։
4. Անհաջողակների ժամանակը
Պատմական հեռանկարի իմաստով՝ անհաջողակները երբեմն տարիներ անց հաջողության են հասնում, քանի որ նրանց խղճում են զուտ մարդկայնորեն։ Հաղթողները ներկայանում են ամբողջ հմայքով՝ ներկայացնելով իրենց արդյունքները։ Ու քանի որ ցանկացած արդյունքի մեջ կարելի է թեկուզ փոքր թերություն գտնել, հակառակորդները հարձակվում են հաղթողի վրա՝ համեմատալով այն մարդու հետ, ով պարզապես չի կարողացել վերջնագծին հասնել։
Օրինակ, ԽՍՀՄ-ի տարիներին սկիզբ առավ մարշալ Միխայիլ Տուխաչևսկու պաշտամունքը։ Տարածվեցին կարծիքներ, որ նա ընդամենը 2-3 ամսում կջախջախեր նացիստական Գերմանիան, եթե գնդակահարված չլիներ։ Մինչդեռ, նա պարտություն էր կրել իր միակ լուրջ ճակամարտում՝ Լեհաստանի հետ պատերազմի ժամանակ։ Իսկ գլխավոր շտաբի պետի տեղակալ եղաթ ժամանակ թաղել էր Գրաբինի հրանոթի նախագիծը, որը հետագայում՝ իրական մարտական գործողությունների ժամանակ ցույց տվեց իր արդյունավետությունը։ Իհարկե, նա որոշ արժանիքներ ուներ, սակայն Ժուկովից կամ Տիոմշենկոյից ոնչնով առավել չէր։ Նրա հետմահու փառաբանումը բացատրվում էր Խրուշչովի ցանկությամբ՝ տեղեկատվական հարված հասցնել Ստալինին։ Այս օրինակը կիրառելի է ցանկացած պարագայում։ Եթե ձեր փոխարեն մենեջեր նշանակված ինչ-որ մեկն անհաջողության է մատնվում, համարձակ հայտարարեք, որ դուք նրա փոխարեին փայլուն կկատարիք առաջադրանքը։ Պարզապես ձեզ հնարավորություն չտվեցին։
Այս հնարքի զավեշտալի օրինակներից է ադրբեջանական բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը, ում առջև ծնկի էին բերել Չինարիի գերի ընկած բնակիչ և հետագայում սպանված Կարեն Պետրոսյանին։ Արցախյան պատերազմի տարիներին, երբ Աքպերովը ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր, ասել էր, որ Շուշիի մարտը «բաց է թողել», որովհետև … քնած է եղել հրամանատարական «ՈւԱԶ»-ում:
5. Տերմինների մանիպուլյացիա
Դեռևս Ջորջ Օրուելն էր գրում, որ պատերազմի ժամանակ զինվորները ոչ թե մահանում են, այլ «հերոսաբար զոհվում»։ Բանակում ծառայող զինվորթ ոչ թե իր ժամանակը վատնում է ռեժիմի անվտանգությունը ապահովելու համար, այլ «կատարում է իր պարտքը Հայրենիքի նկատմամբ»։ Հասարակության ստորին շերտերին պետք է ոչ թե պարզապես ասել բնակիչներ, այլ՝ Քաղաքացիներ։ Իսկ եթե ցանկություն կա վիրավորելու, կարելի է ասել ամբողխ կամ պլեբս։
Տերմինոլոգիան չափազանց կարևոր է։ Օրինակ, ԽՍՀՄ-ում հիտլերյան Գերմանիայի ռեժիմն անվանում էին ոչ թա նացիզմ, այլ ֆաշիզմ։ Որովհետև նացիզմը նացիոնալ-սոցիալիզմն է։ Ու քանի որ ԽՍՀՄ-ում նույնպես սոցիալիզմ էին կառուցում, անհրաժեշտ էր խուսափել անցանկալի ասոցիացիաներից։ Կամ, օրինակ, չեչենական երկրորդ պատերազմը ռուսաստանյան ԶԼՄ-ները կնքեցին «հակաահաբեկչական գործողություն»։
Կարծում ենք կարիք չկա հիշեցնել, թե ԼՂՀ հակամարտության համատեքստում որքան կարևոր է ուշադրություն դարձնել ճիշտ բառերին։ Օրինակ, «ազատագրված տարածք», ոչ թե «օկուպացված»։ Հարկավոր է ընտրել ճիշտ բառը՝ դիվերսա՞նտ, թե՞ գերի։
Հոգեբանական առումով` տերմինները նույնպես կարևորվում են։ Օրինակ, հայկական զինուժի մասին խոսելիս ադրբեջանական ԶԼՄ-ները օգտագործում են ոչ թե «հակառակորդ» տերմինը (ինչպես մենք), այլ թշնամի։
Վերջին շրջանում հայկական մամուլն ու պաշտոնական աղբյուրները նույնպես սկսել են օգտագործել կոշտ բառապաշար։ Ադրեբջանցի դիվերստանտերը ոչ թե վնասազերծվել կամ սպանվել են, այլ՝ ոչնչացվել։ Հակառակորդը ոչ թե նահանջել է, այլ «հետ է շպրտվել»։ Հայկական կողմի գործողությունները պատժիչ են և կանխարգելիչ, որովհետև դա ենթադրում է, որ նախահարձակ եղել է հակառակորդը։
Ավելին, ԼՂՀ ՊԲ-ն իր վերջին հաղորդագրություններում օգտագործում է «ասկյար» տերմինը։ Ոմանց կարծիքով դա պետական գերատեսչությնը հարիր չէ, սակայն ստեղծված իրավիճակում ընդունելի է։
6. Արվեստը՝ տեղեկատվական պատերազմներում
Արվեստի միջոցով միջազգային հակամարտությունների վրա ազդելն ու անգամ հրահրելը տեղեկատվական պատերազմների ամենաարդյունավետ հնարքներից մեկն է։ Օրինակ, Արևելյան Գերմանիայում նկարահանված «Մեծ Արջի որդիները» ֆիլմը հանդիսացավ 1973թ. ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում հնդկացիների ապստամբության պատճառներից մեկը։
Ֆիլմը հայտնվեց ամերիկյան վարձույթում, և սիու ցեղի առաջնորդները պատահաբար (իսկ ամերիկյան հատուկ ծառայությունների համոզմամբ՝ կազմակերպված ձևով) դիտեցին այն։ Բեռլինյան պատի հակառակ կողմում նկարահանված ժապավենը համոզիչ կերպով ցույց են տալիս, թե սպիտակամորթները ինչպես են կոտորում տեղաբնակներին, որպեսզի տիրանան ոսկով հարուստ նրանց շրջանին։ 1973թ. փետրվարի 27-ին մի քանի հարյուր սիուներ գրավեցին Վունդեդ-Նի գյուղաքաղաքը, հայտարարեցին այն անկախ պետություն և մի քանի ամիս պայքարեցին ոստիկանության և ՀԴԲ-ի դեմ։ Ի դեպ, ապստամության առաջնորդը՝ Ռասսել Մինսը, հետագայում խաղաց Չնագաչգուկի դերը Մայքլ Մաննի հայտնի՝ «Վերջինը մոհիկաններից» ֆիլմում։
Բնականաբար, այս մեթոդը մեծ ռեսուրսներ է պահանջում, և Հայաստանն այս առումով մեծ հաջողություններ չունի։ Կան Ցեղասպանության մասին նկարահանված մի շարք ֆիլմեր, իսկ Արցախյան ազատամարտի վերաբերյալ համաշխարհային ճանաչում ձեռք բերած ժապավեն դեռ չունենք։