Բաժիններ՝

Հակառակորդի կորուստները 8-9 անգամ ավելի են, ադրբեջանական սահմանամերձ գյուղերում խուճապ է. Սեյրան Օհանյան. ԳԱԼԱ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցել, թե ինչ վիճակ է տիրում առաջնագծում: Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, Ս. Օհանյանը իր խոսքի սկզբում նշել է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականը Արցախի հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր, ադրբեջանական հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանության արդյունք էին հրադադարի ռեժիմի խախտումը, դիվերսիոն գործողությունները եւ սպառազինությունների մրցավազքը:

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ 2014 թվականին ի տարբերություն 2013-ի հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դեպքեր եղան, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա ընթացքում տասներեք հազար խախտման դեպք է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատվածում եղել են քսանվեց դիվերսիոն գործողություններ, կամ փորձեր, որի շուրջ վաթսունհինգ տոկոսը, այսինքն տասնհինգ դեպքը հուլիսի կեսից մինչեւ հիմա եղած ժամանակահատվածում էր»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրավիճակը լարված դեռեւս պահպանվում է, ադրբեջանական կողմը իրականացնում է իրենց ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում հրադադարի ինտենսիվ խախտումներ, ինչպես նաեւ խաղաղ գյուղերի ռմբակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, ինչպես նաեւ շփման գծում եւ թիկունքում զորքերի տեղաշարժեր:

«Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի մեկից հակառակորդի կողմից ակտիվությունը չի նվազել, գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը: Նշված ժամանակահատվածում դիվերսիոն հետախուզական գործողությունները եւ փորձը ցույց են տալիս, որ այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի իրենց ակտիվությամբ եւ ծավալներով, քանի որ շատ անգամ արվել են ցերեկային պայմաններում, մեծ խմբերով, բացահայտ կերպով ուղղված հայկական հենակետերի գրավմանը, ինչը նրանց հաղորդում է ակնհայտ հարձակողական, մարտական գործողություններ»,- իր խոսքում ասաց պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանն ասաց, որ բոլոր այդ գործողությունները ձախողվել են, սակայն ցավոք հայկական կողմը եւս ունեցել է մարդկային կորուստներ: Նա ապա թվարկել է բոլոր զինծառայողների անունները եւ հայտնել, որ նրանք հետմահու արժանացել են ՀՀ եւ ԼՂՀ պետական պարգեւների. «Հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաեւ այլ գործողություններ, հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժ, գրեթե բոլոր ստորաբաժանումների գոտիների դիմաց իրականացվում է ուղղաթիռների ակտիվություն սահմանի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստվածության»:

Պաշտպանության նախարարն ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվության տարածումը, թե իբր հայկական կողմն է վերջին օրերի գործողությունների հետևանքով մեծ կորուստներ կրել: Ըստ նախարարի՝ ադրբեջանական կողմի մարդկային կորուստները 8-9 անգամ գերազանցում են հայկական կողմի կորուստները: «Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում խուճապ է, մարդկային արտահոսք է նկատվում, այդ գյուղերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը»,- ասել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս