Երևի տեղ չի հասել
Հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու էր ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմը: Նախատեսված էր նաև հանդիպում ռեժիսորի հետ: Ֆիլմի սկիզբն ազդարարված էր ժամը 18:00-ին: Ժամը 18:00-ին բոլորը հավաքված էին, իսկ ֆիլմը չէր սկսվում:
«Մոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ կինոսիրող պաշտոնյաների խմբի՝ Կրթության և գիտության նախարարի, մշակույթի ու անգամ սփյուռքի նախարարների, քիչ անց նրանց միացած ՀՀ նախագահի մամուլի խոսնակի, ականջներին բզզացող սարքերով ոստիկանների ներկայությունը հուշեցին` սպասում են Սերժ Սարգսյանին:
18:00:
18:10:
18:20:
18:30:
Սերժ Սարգսյանը չկար: Ոչ ոք կառավարության անդամներից, կոստյումավոր տղամարդկանցից չէր հեռանում. քրիստոնեական հեզությամբ սպասում էին: Ուրեմն վստահ էին՝ գալու է:
Ակտիվ լրագրությամբ շատ վաղուց չեմ զբաղվում: Չինովնիկների հետ անմիջականորեն շփվելու, նրանց սպասելու պրակտիկան այնքան հաճույքով և, թվում էր, անդառնալիորեն մոռացել էի: Սակայն վերհիշեցի երիտասարդությունս, մոռացա առաջացած տարիքս, երեք երեխաների մոր կարգավիճակը ու պասիվ համերաշխությամբ միացա Սերժ Սարգսյանին սպասող թիմին:
18:35:
Գլխավոր հյուրը դեռ չկար, ու ես դեռ մտածելու ժամանակ ունեի: Ի վերջո, Սերժ Սարգսյանը նոր էր վերադարձել Ուրուգվայից, շփվել այդ երկրի իմաստուն նախագահի հետ: Եվ, ենթադրաբար, գոնե այդ շփումը նրան, նրա հետ աշխարհեաշխարհ շրջագայող, նախագահականում ծվարած անհասկանալի զբաղվածություն ունեցող մեծ խմբի ներկայացուցիչներին պիտի հիշեցներ, որ ամեն ինչ՝ թիկնապահների այդ անմիտ առատությունը, փայլեցրած և մեր հարկերով պահվող նրանց սպասարկող մեքենաները, նախագահի բարձր հովանավորությամբ մտածելն ու ապրելը, մեր հարկերի հաշվին ճամփորդությունները մի օր ավարտվում են այնպես, ինչպես սկսվեց «Գիրքը» ֆիլմը՝ թաղման ծեսով: Փիլիսոփայական մտքերս ընդհատվեցին ուղիղ 18:40-ին:
Ազդանշաններ, սուրացող սև մեքենաներ, վազող թիկնապահներ, անհանգիստ շարժվող կոստյումով տղամարդիկ:
Ու, ահա, երևաց Սերժ Սարգսյանը: Թիկնապահները նրան շրջապատեցին «Բերդ» պարի կանոններով՝ փակ շրջան: Լրատվական ծառայության աշխատակիցներին չափազանց անհանգստացրել էր իմ ցանկությունը՝ հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին: Նրանք չգիտեին՝ ինչ պետք է հարցնեմ, պարզապես ես, ավելի ստույգ՝ ինչ-որ մեկը, խախտում է իրենց անդորրը, ստիպում լրացուցիչ, արարողակարգով չնախատեսված էմոցիա, գործողություն ենթադրող քայլ անել: Թիկնապահները մոտեցան ինձ, մեկուսացրին, իսկ նախագահականի լրատվականից ինձ անծանոթ մի աղջիկ բնազդաբար բռնեց ձեռքս։ «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք ձեռքս բռնել»,- հարցրեցի: Աղջիկը կմկմաց. «Վայ, շփոթվեցի»:
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան զբաղեցնել իմ տեղը երկրորդ շարքում: «Ճշտապահությունը արքաների քաղաքավարությունն է»,- ասվում էր Լենկ Թեմուրին նվիրված մի գովազդում: Սերժ Սարգսյանը, ով իր ուշացումով խախտել էր կազմակրեպիչների ծրագրերը, 40 րոպեով ուշացրել հաջորդ կինոդիտմանը սպասող բազմաթիվ մարդկանց, անգամ ներկաներից ներողություն չխնդրեց, ինչը կաներ իրեն և մյուսներին հարգող ցանկացած մեկը: Նրա ուշացման պատճառով ռեժիսորի հետ հանդիպումն էլ տեղի չունեցավ, քանի որ դահլիճը պետք էր ազատել՝ մյուս կինոսեանսի համար:
Ֆիլմը, ինչպես արդեն ասացի, սկսվեց թաղման ծեսի հանգամանալի նկարագրությամբ:
Եվ ավարտվեց Նարեկացու «Մատյանից» մի աղոթքով:
Չեմ վերցնի պատասխանատվություն՝ ասելու, թե ֆիլմը Սերժ Սարգսյանի վրա մեծ ազդեցություն թողեց, կամ նա մտամոլոր ու կյանքի ու մահվան առեղծվածի շուրջ մտածելով՝ լքեց դահլիճը: Ո՛չ, նա հեռացավ՝ ինչպես եկել էր՝ թիկնապահներով շրջապատված, լրատվական ծառայության աշխատակիցների արծվենի հայացքների ներքո. հանկարծ մեկը չմոտենա:
Բայց խնդիրն այն էր, որ ոչ ոք, ներկաներից, հավաքված մեծ բազմությունից և ո՛չ ոք, ցանկություն չունեցավ մոտենալ երկրի նախագահին, բառ ասել: Եվ այդ ցանկությունը փոխադարձ էր: Երկու անգամ բարձր կանչեցի. «Պարո՛ն Սարգսյան»: Նա չլսեց: Բայց այնպես չէ, որ չլսեցին թիկնապահները: Նրան կանգնեցին այնպես, որ նախագահին մոտենալ անհնար էր:
«Ինչո՞ւ չեմ կարող հարց տալ, հետաքրքրվել՝ ի՞նչ տպավորություն ստացավ ֆիլմից»,- հարցեցի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին:
«Արարողակարգով նախատեսված չէ հարցեր տալ նախագահին և ոչ էլ հետաքրքրվել ֆիլմից ստացած նրա տպավորություններով,- կարճ կապեց նա: -Այսքան մարդ կա (պարոն Սաղաթելյանը հայացքով ցույց տվեց կինոթատրոնի մոտ հավաքված բազմությանը.- Լ.Ա.), ու Դուք ցանկանում եք, որ Ձեր հարցին պատասխան տրվի, մյուսներին՝ ո՞չ»: «Բայց չէ՞ որ՝ ինձնից բացի, որևէ մեկը նման ցանկություն անգամ չհայտնեց»:
Մեր կարճ զրույցից հետո, մոտավորապես. «Ես հարգում եմ Ձեր կարծիքը…», բնական է, ես ձեռնունայն հեռացա:
Մտածում էի՝ այս փոքրիկ ու աննշան պատմությունն իմաստ ունի՞ գրել, երբ համացանցում վերնագիր տեսա՝ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոնդի բնակիչներին»: Մտածեցի. «Այդուհանդերձ նա արձագանքել է իրենց տները պետության խաբեության պատճառով կորցրած բնակիչներին, լսել նրանց խնդիրները»: Դիտեցի «ԳԱԼԱ»-ի պատրաստած ռեպորտաժը: Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ, արևի տակ խաշվող այդ մարդկանց մոտ մեկ ժամ անց կանգնում է Բաղրամյան 26 շարժվող շքեղ մեքենաների շարասյունը, ու մեքենայից դուրս է գալիս նախագահը՝ շրջապատված իր բազում թիկնապահներով: Մարդիկ արագ-արագ ներկայացնում են իրենց խնդիրները։ «Ուրեմն՝ զբաղվում ենք»,- հնչում է պատասխանը: Բայց, ախր, շինարարություն չի կատարվում, ոչ մի երաշխիք չունեն։ «Ուրեմն՝ զբաղվում ենք»,- հնչում է նույն մոնոտոն ձայնը: Ուղղակի իր միամտությամբ ու հուսահատությամբ անգերազանցելի էր բնակիչներից մեկի միտքը. «Ախր Դուք մեր նախագահն եք»: «Այ դրա համար էլ զբաղվում ենք»,- երրորդ անգամ նույնը ասելուց հետո՝ նախագահը շտապեց տեղավորվել մեքենայում:
Շիրակի մարզ կատարած իր այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղացու (նաև Սպանդարյան համայնքի ղեկավարի) հետ վերջերս «դու»-ով ու «արա»-ով էր խոսել: Երբ բանակում որդի կորցրած հայրը զայրացած պատմում էր վարչապետին, թե անգամ որդու մահվան հանգամանքները քննող դատ տեղի չի ունեցել, վարչապետը հորդորեց իրեն նամակ գրել: «Ի՞նչ օգուտ, 100 հատ նամակ եմ ուղարկել նախագահին, ոչ մի պատասխան»: Հովիկ Աբրահամյանը տվեց հանճարեղ պատասխան. «Երևի տեղ չեն հասել»:
Երևի, գիտե՞ք…