Միջազգային փորձը վկայում է, որ պատժամիջոցները դեռ ոչ ոքի ծնկի չեն բերել. Մեդվեդև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ընդլայնումը:
Մեդվեդևը հայտարարել է, որ դրանով իսկ իրենք վերադարձ կկատարեն 1980-ական թվականների հարաբերություններին, և եթե Ռուսաստանի գործընկերների նպատակը դա է, ապա այն շուտով ձեռք կբերվի: Մեդվեդևի խոսքերով՝ ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներն ընդհանրապես ապօրիի են, քանի որ դրանք հենված չեն ՄԱԿ-ի որոշումների վրա.
«Ավելին, դրանք (պատժամիջոցները) ունակ չեն տնտեսությանը պատճառել այսպես կոչված անընդունելի վնաս: Միջազգային փորձը վկայում է, որ նման պատժամիջոցները դեռ ոչ ոքի ծնկի չեն բերել: Պատժամիջոցները ցավոք նպաստելու են հակաամերիկյան ու հակաեվրոպական տրամադրությունների հետագա աճին»:
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն օգնի Ուկրաինային: