Հայաստանի քաղաքացիներին թույլատրվել է առանց գրանցման Ռուսաստանի տարածքում մնալ 30 օր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ առևտրային հարաբերություններն ու ինտեգրացիոն գործընթացներ: Մեդվեդևը հայտարարել է. «Մեր երկրները շատ մոտ դաշնակիցներ են, մեր երկրներն ու ժողովուրդները մոտ են կանգնած միմյանց»:
Բանակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի ու Հայաստանի միգրացիոն ծառայությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որն առնչվում է երկու երկրների տարածքում իրենց քաղաքացիների մնալու կարգին:
Համաձայնագիրը կանոնակարգում է երկու երկրների տարածքում Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների մնալու կարգը՝ նրանց հնարավորություն տալով երկու երկրներում 30 օր գտնվել՝ առանց միգրացիոն հաշվառում անցնելու:
Փաստաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ու Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: