Էրդողանի կառավարությունը մեզ շատ է օգնել. Սիրիայում ու Իրաքում մարտնչած զինյալ

Թուրքական Aydınlık թերթին տված հարցազրույցի ժամանակ «Լևանտի ու Իրաքի իսլամական պետություն» (IŞİD) խմբավորման զինյալներից մեկն ուշագրավ հայտարարություն է արել: 38-ամյա զինյալը ոչ վաղ անցյալում վիրավորվել է Մոսուլի համար մղված մարտերում և այժմ բուժում է ստանում Անկարայում:

Նա հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի սկսվելուց ի վեր՝ իրենք մեծ օգնություն են ստացել Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունից: Նա պատմել է, որ 2003 թվականին Իրաքում մարտնչել է ԱՄՆ-ի դեմ, իսկ 2011 թվականին անցել է Սիրիա, ուր Ասադի դեմ պատերազմել է տարբեր խմբերի կազմում՝ տարբեր հրամանատարների ներքո:

Հետագայում նա սկսել է չվստահել Սիրիական ազատ բանակին և իրենց ճանապարհները բաժանվել են, ինչից հետո սկսել է պատերազմել IŞİD խմբավորման կազմում: Նա պատմել է, որ մասնակցել է քրդերի դեմ 12 գործողության, երեք անգամ ղեկավարել է Ղամըշլըի դեմ գրոհը:

Զինյալի խոսքերով՝ իրենք ցանկանում են իսլամական էմիրություն հիմնել Տիգրիսից մինչև Հորդանան և Պաղեստինից մինչև Լիբանան ընկած տարածքում, ուր կգերիշխեն սուննիները: Զինյալը մանրամասնել է, որ իրենց շարքերում առկա են 21 երկրի մոջահեդներ, ընդ որում, ոչ բոլորն են մուսուլմանական երկրներից, կան նաև Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից ու Իսպանիայից ժամանածներ.

«Թուրքիայից նույնպես կան, Ռուսաստանից եկածների թիվն էլ է մեծ: Ռուսական հատուկ ծառայություններում ուսուցում ստացած չեչեն մոջահեդներ էլ ունենք: Կան նաև Աֆղանստանից, Պակիստանից ու Ալժիրից եկածներ: Գալիս են Թուրքիայի տարածքով: Անգամ դա մեզ համար շատ կարևոր է: Թուրքիան մեր առջև շատ բան է բացել:

Եթե Թուրքիան ըմբռնումով չմոտենար մեզ, ապա IŞİD-ն այսօր չէր հասնի այս վիճակին: Թուրքիան մեզ օգնել է նաև նեղության մեջ: Մեր մոջահեդների մեծ մասը բուժում է ստացել Թուրքիայում, սակայն այսքանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Տեսանյութեր

Լրահոս