Ադրբեջանում անցկացվելու են մասշտաբային զորավարժություններ
Ադրբեջանական Trend լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանատարության ներքո անցկացվելու են լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ:
Դրանց մասնակցելու են Պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի Ներքին զորքերի ու Պետական սահմանային ծառայության զորամասերը: Այս մասին «Ազեր Թաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Նա հիշեցրել է, որ ճակատային գծում տեղակայված զորամասերն ու Նախիջևանի ինքնավար հանրապետության Առանձին համազորային բանակը արդեն իսկ անցկացրել են մասշտաբային զորավարժություններ՝ համաձայն զորքերի մարտական պատրաստության պլանի:
Դրանց ժամանակ ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության մակարդակը, ուսումնասիրվել են ռազմական տեխնիկայի, այդ թվում նաև ժամանակակից սպառազինության կիրառման հնարավորությունները: Իրականացվել են մարտական կրակոցներ: