Բաժիններ՝

Աստղիկ Գևորգյան. Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել

«Ես ուզում եմ սկզբունքային մի բան բացահայտենք կամ պարզաբանենք. կենսագրությունները, որոնք կցվում են նման փաթեթեներին՝ այս անգա՞մ որտեղից եք վերցրել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Երևանում Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման վերաբերյալ ավագանում կայացրած որոշմանը:

Ս. Սաֆարյանն ասաց, որ ուզում է հասկանալ, թե ինչպես են այդ թղթերի մեջ հայտնվում կիսատ-պռատ կենսագրություններ. «Որովհետև այս դեպքում նույնպես, կարծես թե, ինչ-որ ձևով խնամքով շրջանցվում են պատմության որոշ էջեր, շրջաններ, որոնց նաև մասնակցություն է ունեցել մեր փառահեղ մարշալը, որը, բացի ֆաշիզմի դեմ իր անուրանալի կարոտից, նաև ունեցել է այդ էջը, ինչպիսին Հունգարիայի դեպքերն էին: Արդյոք հերթական անգամ մեր կենսագրությունները սովետական հանրագիտարանի՞ց են, ինչպես մեկնաբանվեց Անաստաս Միկոյանի կենսագրականը, որը կցված էր փաթեթին»,- հավելեց նա:

Զեկուցող Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պարզաբանեց, որ կենսագրություններն իրենք վերցնում են միայն հրապարակված նյութերից. «Այսինքն՝ պատմության դասագիրքն եմ ես հիմք համարում, և ՀՀ-ի հանրագիտարանը: Բաբաջանյանի կենսագրությունից ես 40 էջանոց փաթեթ ունեմ, որը կարող էի ներկայացնել հանձնաժողովի քննարկման ժամանակ, եթե դրա կարիքը լիներ:

Երբ ավագանուն նման հարցեր են ներկայացվում, պաշտոնական կենսագրություններն են ներկայացվում: Եթե այլ տեղեկատվություն ունեք, դրա համար մենք ունենք ընթացակարգ, այդ ընթացակարգով մենք նյութերը տրամադրում ենք ավագանու բոլոր անդամներին, ոչ միայն հանձնաժողովին, և հարցեր առաջանալու դեպքում՝ տրվում են պատասխաններ, որ ձեզ մոտ մութ մնացած հարցերը չբարձրացվեն ավագանու նիստի ժամանակ»,- ասաց Գ. Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Ավագանու անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ հայտարարեց, որ ինքը ամաչում է որպես հայ մարդ, որպես ավագանու անդամ, որ իրենց որոշ գործընկերներ ջանք չեն խնայում ցեխ շպրտելու մեր ազգային արժեքների վրա. «Ամբողջ սերունդեր են դաստիարակվել Համազասպ Բաբաջանյանի անունով: Ուրեմն, եթե այդ հերոս մարդը ծառայել է իր հայրենիքին, պետք է եղել անձնազոհ ինչ-որ մի քայլի գնալ, մենք չէ, որ պետք է դատենք այդ մասին: Եվ ամենակարևորը՝ ոչ մի սովետական շրջանի պատմական փաստ մինչև հիմա իրավաբանորեն չի հանվել գործածությունից, պատմական փաստերը, հայ ժողովրդի պատմությունը, հայրենական պատերազմի պատմությունը, սխրանքները, հերոսների անունները չեն հանվել ոչ մի դասագրքից, ոչ մի արխիվային փաստաթղթից:

Ես դատապարտում եմ, որ սովետական համակարգը այստեղ ներկայացնում են ֆաշիստական, թուրքական, թշնամու, չգիտեմ ինչ համակարգ, որն ընդամենը մեր հիշողության մեջ 70 տարվա ոսկե դարն է, որի ժամանակ ծաղկում է ապրել մեր հանրապետությունը: Պարզապես պետք է հորդորեմ՝ վերջ տանք այդ չկամ լինելուն, ինչ-որ բան որոնելուն, չի կարելի այդպես անել, եկեք մեծարենք մեր արժեքները, եկեք տեր կանգնենք մեր հերոսներին: Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել: Չի՛ կարելի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս