Պուտինը վճռական հարված է պատրաստում Ուկրաինայում. Սաակաշվիլի
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կասկածներ ունի, որ Ռուսաստանը հրադադարն օգտագործում է ուժերը վերախմբավորելու և Ուկրաինայում նոր տարածքներ նվաճելու համար: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլին նշել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի հակամարտությունն ամբողջովին նման է 1992-1993 թվականների Աբխազիայի պատերազմին: Սաակաշվիլին հիշել է, որ այն ժամանակ Վրաստանի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն ստորագրել էր հրադադարի մասին երեք համաձայնագիր, և ամեն անգամ Ռուսաստանը դա օգտագործել էր ուժերը վերախմբավորելու և նորանոր ատարածքներ գրավելու համար:
Սաակաշվիլին կարծում է, որ հայտարարելով Ուկրաինայում հրադադարի մասին՝ Ռուսաստանի իշխանություններն իրենց առջև դնում են երեք առաջադրանք, որոնցից մեկն էլ Արևմուտքի կողմից ամբողջական ոլորտների դեմ պատժամիջոցներ սահմանելուց խուսափելն է, որոնք թվում է, թե անխուսափելի էին, եթե ներկա դրությամբ ձեռք չբերվեր համաձայնություն:
Բացի այդ, Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանին հաջողվել է ստեղծել նոր սուբյեկտներ՝ ի դեմս ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, ինչը հետագայում հնարավորություն կտա շեշտադրում անել Ուկրաինայի ու ԴԺՀ-ի և ոչ թե Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև հակամարտության վրա:
Սաակաշվիլին գտնում է, որ Ռուսաստանը փորձում է նվազեցնել Ուկրաինայի կառավարության զգոնությունը, գաղտնի հզորացնում է անջատողականներին՝ վճռական հարված հասցնելու և Դոնեցկից ու Լուգանսկից ուկրաինական զորքերին վտարելու համար:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարությունն ունի բավականաչափ փորձ, որպեսզի վերլուծի հնարավոր բոլոր ռիսկերն ու Ռուսաստանին հնարավորություն չտա իրագործելու պետության քայքայման ու հետագա մասնատման պլանը: