Իրանը պատրաստվում է ուղեծիր արձակել երեք արբանյակ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանական տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին հայտարարել է, որ իրենք ուղեծիր արձակելու համար պատրաստել են երեք արբանյակ: Խոսքը գնում է «Շարիֆ», «Ֆաջր» և «Թադբիր» արբանյակների մասին:
Ֆազելիի խոսքերով՝ ներկա դրությամբ իրականացվում են «Շարիֆ» և «Թադբիր» արբանյակների վերջնական փորձարկումները, ինչպես նաև ցամաքային կայաններն ու ավիաբազաները պատրաստվում են դրանց արձակմանը:
Արբանյակներից մեկի արձակումը պլանավորված է 2014 թվականի հոկտեմբերի 4-10-ին: Ֆազելին հավելել է, որ ներկայումս իրենք աշխատում են նոր արբանյակի («Նահիդ») ստեղծման վրա, որն ուղարկման համար պատրաստ կլինի մինչև 2015 թվականի մարտը: