Բաժիններ՝

Լեյլա Յունուսը ներկայացրել է ադրբեջանական «Մագնիտսկու ցուցակը»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսին, ԵՄ-ին ու ԵԱՀԿ ԽՎ-ին դիմումներ են ուղարկվել՝ կոչ անելով Ադրբեջանի համար կրկնել «Մագնիտսկու ցուցակի» համարժեքը: Այս մասին այսօր հայտարարել է իրավապաշտպան, Խաղաղություն ու ժողովրդավարություն ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը:

Վերջինս ադրբեջանական «Մագնիտսկու ցուցակում» ներառել է դատավորներ Էլչին Կազիմովին, Ռաշիդ Հուսեյնովին, Ջավիդ Հուսեյնովին, Նովրուզ Քերիմովին, Ռաուֆ Ալիևին, Ազեր Օրուջևին:

Յունուսի խոսքերով՝ հենց այս անձինք են տևական ժամկետներով ազատազրկման դատապարտել NIDA շարժման 8 անդամի, REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուին, այդ նույն կուսակցության առաջնորդի խորհրդական Յադիգյար Սադիգովին, լրագրողներ Փարվիզ Հաշիմլիին, Հիլալ Մամեդովին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Անար Մամեդլիի ու Բաշիր Սուլեյմանլիին:

Միջազգային կազմակերպությունները նրանց բոլորին էլ ճանաչել են որպես «խղճի բանտարկյալներ»: Ադրբեջանական «Մագնիտսկու ցուցակը» պատրաստում է Բռնությունների դեմ կենտրոնը: Յունուսը հայտարարել է, որ հունիսի 12-ի դրությամբ Ադրբեջանում հաշվվում է 130 քաղբանտարկյալ և 41 «խղճի բանտարկյալ»:

Մինչև հուլիսի վերջ կկազմվի ոստիկանության, դատախազության, անվտանգության մարմինների աշխատակիցների, իսկ մինչև օգոստոսի վերջ՝ քաղաքական ձերբակալությունների պատվիրատուների ցուցակները: Դրանք բոլորն էլ կուղարկվեն ԱՄՆ Կոնգրեսին, ԵՄ-ին ու ԵԱՀԿ ԽՎ-ին, ինչպես նաև միջազգային այլ կառույցների:

Լեյլա Յունուսը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում իր ելույթում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ Ադրբեջանում «չկան» քաղբանտարկյալներ, «կան» անկախ դատարաններ ու օրենքի գերակայություն, որ երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելն «իրատեսական չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս