Եվրոպան ակտիվանում է. Արցախ է այցելել Եվրախորհրդարանի փոխնախագահը

Եվրոպայի՝ Ղարաբաղի նկատմամբ հատուկ ուշադրությունը կարծես թե առավել ակնհայտ է դառնում վերջին շրջանում. այն հիմնականում արտահայտվում է Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ հաճախակի այցելություններով: Այս օրերին Ղարաբաղում էին ինչպես Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, այնպես էլ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը:

Վերջինս կարճ ժամանակով է Արցախ այցելել, որի ընթացքում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Հանդիպումների ընթացքում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահի հետ հանդիպումից հետո Յացեկ Պրոտասեւիչը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասնել է, որ խոսել են մադրիդյան սկզբունքների եւ հակամարտության կարգավորման համար դրանց կիրառման վերաբերյալ: Նա միաժամանակ կարծիք է հայտնել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով, որին կարող են նպաստել մադրիդյան սկզբունքները: Լրագրողների հիշեցմանը, որ դրանք անընդունելի են Ղարաբաղի ժողովրդի համար, Եվրախորհրդարանի փոխնախագահը պատասխանել է, որ այդ սկզբունքների վերաբերյալ ժողովուրդը պետք է իր կարծիքն արտահայտի, որից հետո էլ իրենք հետեւություններ կանեն:

Ժողովրդի կարծիքի, ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին խոսել է նաեւ այս օրերին Ղարաբաղում գտնվող Եվրոպայի Ազատ Դաշինքի բյուրոյի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմին, ով ներկա էր Արցախի ժողովրդավարական կուսակցության 4-րդ համագումարին:

Կարեւորելով կուսակցության՝ Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու որոշումը, նա ընդգծել է, որ անկախության ձգտող պետության համար շատ կարեւոր են եվրոպական հանրության հետ կապերը, եւ Եվրոպայի Աազատ Դաշինքի միջոցով Ղարաբաղը կարող է ավելի տեսանելի դառնալ Եվրոպայի համար, ամրապնդել իր դիրքերը Եվրամիությունում եւ կտրվել քաղաքական մեկուսացումից, որում հայտնվել է:
ԱԺԿ-ի Եվրոպայի Ազատ Դաշինքին անդամակցելու դիմումի պատասխանը, ըստ Միգել Մարտինես Թոմիի, կլինի ապրիլին:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս