Մոդեստ Կոլերովը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման վերաբերյալ իր 10 դրույթները

Ռուսական REX լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ պլանների ու բանաձևերի մասին հանրային քննարկումների դեֆիցիտն ավանդաբար ուղեկցվում է հակամարտող կողմերի քարոզչական պատերազմի չափազանց մեծ ավելցուկով:

Կոլերովը գործակալության կայքում ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման վերաբերյալ 10 դրույթները, որոնք ներկայացվում են ստորև.

1. Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, հասնելով իրական կոնսենսուսի, վերջացնում է իր աշխատանքը՝ կարգավորման նախագիծը ներկայացնելով ՄԱԿ-ին, ով պետք է վերջնականապես հաստատի կարգավորման նախագիծը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) 99 տարով հայտարարվում է ՄԱԿ-ի խնամակալության/մանդատային տարածք, ճանաչվում է անկախ և անջատվում է Ադրբեջանից՝ իր ժամանակակից տարածքային սահմաններում:

3. Միաժամանակ ԼՂՀ-ը ճանաչվում է Հայաստանից անկախ, ԼՂՀ-ն ու Հայաստանը ստանձնում են երկու պետությունների միավորման պահանջ երբեք չբարձրացնելու պարտավորություն: Նրանց միավորումը պետք է սկզբունքորեն բացառվի:

4. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչվում են ԼՂՀ-ի խնամակալ-երկրներ:

5. Ադրբեջանը տալիս է ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

6. Հայաստանը տալիս է ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական անվատանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

7. Իրանը տալիս է ԼՂՀ-ի ռազմա-քաղաքական անվտանգության երաշխիքներ և ապահովում է նրա տարածք անարգել հաղորդակցային միջանցք:

8. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը, հստակեցնում են ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղապահ ուժերի գործողությունների ժամկետը, կազմը և ֆինանսավորումը:

9. Հաշվի առնելով ԼՂՀ-ում ադրբեջանցի փախստականների վերադարձի հեռանկարը՝ ԼՂՀ-ի իշխանությունները հստակեցնում են փախստականների բնակության տարածքները՝ ելնելով ԼՂՀ-ի իրավասության ներքո 1-2 հատուկ ստեղծված կանտոնի շրջանակներում հավաքական, անջատ ու անվտանգ բնակեցման սկզբունքներից:

10. Ադրբեջանի ու ԼՂՀ-ի Սահմանադրություններում ամրագրվում են փոխադարձ տարածքային հավակնություններից նրանց հրաժարումը:

Տեսանյութեր

Լրահոս