Բաժիններ՝

«Ես իմոնց կերակրեմ, մնացածը կարեւոր չէ». աշխատավարձերի բարձրացումը` աննորմալ որոշում. ԳԱԼԱ

Ինչպես հայտնի է, հուլիսի մեկից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում, թե որ ոլորտում դա որքան կկազմի եւ համաչափություն ինչու չի ապահովվել, պատասխանների ակնկալիքով ԳԱԼԱ-ն դիմել էր ֆինանսների նախարարություն: Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից միայն գրավոր հետեւյալ պատասխանն են տվել մեր հարցերին. «2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև աշխատանքի վարձատրության հարցերը կարգավորող դրույթներ պարունակող մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: Նոր համակարգը հնարավորություն կտա ապահովելու աշխատավարձերի հետագա համաչափ բարձրացումը: Նախկինում աշխատավարձերի միասնական քաղաքականության բացակայության հետևանքով տարբեր ոլորտներում աշխատավարձերը բարձրացվել են տարբեր չափերով և ոչ միաժամանակ: Օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2003թ., մինչդեռ ուսուցիչների համար կատարվել են աշխատավարձերի ամենամյա բարձրացումներ մինչև 2010թ.-ը: Նման անհամաչափություններ առկա են նաև այլ ոլորտներում:

Ըստ հիմնական ոլորտների՝ միջին ամսական աշխատավարձերը կբարձրանան հետևյալ չափերով` Կրթության ոլորտում այն կկազմի 14%, այդ թվում ուսուցչական անձնակազմինը` 9.4%, առողջապահության ոլորտում` 21.5%, մշակույթի ոլորտում` 29.6%, կառավարման ապարատում` 47%, այդ թվում քաղաքացիական ծառայողներինը` 68% և այլն: Պահանջվող լրացուցիչ գումարը կազմում է շուրջ 38.3 մլրդ դրամ և նախատեսված է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով»:

Աշխատավարձերի բարձրացման հարցի շուրջ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատականը բացասական է, նա վստահ է, որ անհամաչափ բարձրացմամբ խորանալու է սոցիալական բեւեռացումը. «Սա բերում է բեւեռացման` աշխատավարձերի երկու եզրերն իրարից հեռացնելուն` նվազագույնն ու առավելագույնը, սա, ավելին ասեմ, նպաստելու է աղքատացմանը, որովհետեւ ցանկացած աշխատավարձի բարձրացում, դա տնտեսագիտական կանոն է, բերում է գնաճի, եւ եթե դու բարձրացնում ես հասարակության մի շերտի աշխատավարձը, մյուսինը չես բարձրացնում, դրա արդյունքում գնաճ է տեղի ունենում, նրանը, ումը չես բարձրացրել, նա տուժում է, նա թույլ մրցունակ է դառնում գնաճի առումով, այդ առումով իհարկե սա աննորմալ որոշում էր»,- վստահ է Արամ Մանուկյանը, ով դեմ է քվեարկել կառավարության նախագծին:
Նա վստահ է, որ սա տնտեսագիտական վատ մոտեցում է, որը երկիրը տանում է աղքատացման. «Եթե դու ունես երկրում շուրջ 37-38 տոկոս աղքատություն, նրանց բարձրացնում ես 5000 դրամով, իսկ նախարարինը, պատգամավորինը բարձրացնում ես 200 հզր դրամով, բացարձակ ադեկվատ չեն, բացարձակ համաչափություն չկա, կա խիստ անհամաչափություն, եւ եթե դու աղքատի երեսով ես տալիս, թե աշխատավարձը կամ թոշակը 5-10000 դրամով ավելացնում եմ, իսկ գնաճը գնում է ավելի արագացված տեմպերով, բնական է, որ ինքն իր աղքատացման ճանապարհին է, այդ պրոցեսը շարունակվում է՝ աղքատացումը»:

Իսկ որոշումը Արամ Մանուկյանը համարում է քաղաքական, ոչ տնտեսագիտական, բացատրում է այսպես. «Տեսեք՝ ում աշխատավարձերն են բարձրանում, հիմնականում պետական պաշտոյաների, պետական աշխատողների, վարչական մարմինների աշխատողների, իսկ ովքեր են աշխատում այդտեղ, կարող եք ասել` բուհերում, հիվանդանոցներում, քաղաքապետարաններում, համայնքների գրասենյակներում ովքե՞ր են աշխատում` իշխող կուսակցության ներկայացուցիչները կամ նրանց լիազորված անձինք, ստացվում է, որ Հանրապետական մեծամասնությունը բարձրացրել է իր թիմի աշխատավարձը: Դուք ուրիշ մարդ չեք գտնի նշածս բարձր պաշտոններում, սա մյուս կողմից էլ քաղաքական այն աննորմալ որոշումն է, որ ես իմոնց կերակրեմ, մնացածն ինձ համար կարեւոր չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս