ԲՀԿ առաջնորդի նկարով արտատպված հանելուկը կարող է նախադեպային վճռի բերել. epress.am
epress.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարինե Պերտոսյանի նախագահությամբ տեղի կունենա գրող Արփի Ոսկանյանի հայցի քննությունը՝ ընդդեմ 1in․am կայքի։
Ըստ հայցվորի՝ կայքը «Հայկական ժամանակ» օրաթերթից արտատպել էր իր հեղինակած քաղաքական հանելուկներից մեկն առանց հեղինակի հետ նախապես համաձայնեցնելու։ Հանելուկը ներկայացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկարով։ Կայքը նաև հայտարարել էր նույն հանելուկի բառերով երգի մրցույթ՝ խոստանալով հաղթողին 1500 դոլար մրցանակ։
«Չնայած իմ բազմաթիվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։ Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ոսկանյանը։ Նա պահանջում է խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: