Ավետիք Իշխանյանը` Կիսելյովի պահվածքի մասին. Սա Հայաստանի քաղաքական վերնախավի խայտառակությունն է
Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովի պահվածքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Հայաստանի քաղաքական վերնախավի խայտառակությունն է: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը`անդրադառնալով երեկ` հունիսի 12-ին, Ազգային ժողովում Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի նիստին:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ համաձայն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, ով այսօր հայտարարել է, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին Հայաստանի տարածքում անցանկալի անձ հայտարարելու հարցը:
Մեր զրուցակցի խոսքով` միջադեպը ցույց է տալիս «հայաստանյան քաղաքական վերնախավի ողորմելիությունը», որովհետև մենք թույլ ենք տալիս, որ ինչ-որ օտար երկրից ինչ-որ մարդիկ գան Հայաստան և մեզ բացատրեն, թե մենք ինչպես պետք է ապրենք և որ լեզուն ավելի լավ սովորենք:
«Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեզ, որ մենք հասել այն վիճակին, որ նրանց թույլ ենք տալիս գալ և այդպիսի խրատներ կարդալ մեր գլխին,- ասաց Ավետիք Իշխանյանը: – Եթե Կիսելյովն իրեն թույլ է տալիս գալ Հայաստան, այդպիսի արտահայտություններ անել և մեզ ասել, թե մենք ինչ պետք է անենք, դա Կիսելյովի մեղքը չէ, դա Հայաստանի իշխանությունների մեղքն է, որ թույլ են տալիս նրան այդպես խոսել: Այդ մարդը զգում է, որ կարելի է այդպես խոսել և դասեր տալ Հայաստանի քաղաքական վերնախավին: Սա պարզապես Հայաստանի քաղաքական վերնախավի խայտառակությունն է, որովհետև եթե նա իմանար, որ Հայաստանի քաղաքական վերնախավն արժանապատվություն ունի, իրեն թույլ չէր տա այդպիսի արտահայտություններ անել: Ստացվում է, որ այդ քաղաքական գործիչներից արժանապատվություն ունեցավ միայն Նիկոլ Փաշինյանը, ում հետ ես համաձայն եմ, որովհետև եթե նա հաշվի չի առնում մեր ազգային արժանապատվությունը և այդպիսի բաներ է ասում, ապա այդպիսի մարդուն պետք է «պերսոնա նոն-գրատա» հայտարարել»:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի հաղորդավար, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովին, ինչպես նաև Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովային և ԱՊՀ երկրների երիտասարդների միությունների նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին երեկ ԱԺ-ում հյուրընկալել էին խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, Հայկ Բաբուխանյանը: Դմիտրի Կիսելյովը Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում ակնարկել է, թե Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ Երևանում գրեթե չեն մնացել ռուսական դպրոցներ, ինչը նշանակում է, որ ռուսաց լեզուն հեռանում է Հայաստանից, հետևաբար` կտրվում է նաև Ռուսաստանի հետ կապը. «Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: Պետք է Հայաստանն աշխատի այդ ուղղությամբ, դա իրական ու մեծ խնդիր է: Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ»: