Բան Կի Մունը խորապես մտահոգված է Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորապես մտահոգված է Իրաքի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակի լուրջ վատթարացման կապակցությամբ: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ոչ վաղ անցյալում Անբարում, Բաղդադում, Դիյալահում, Նինվեում ու Սալահ ադ-Դինում իրականացված ահաբեկչությունները. «Բան Կի Մունը քաղաքական բոլոր առաջնորդներին կոչ է անում միասնություն ցուցաբերել՝ կապված այն սպառնալիքի հետ, որին բախվել է Իրաքը:
Բան Կի Մունն Իրաքի կառավարությանն ու քրդական ազգային վարչակազմին կոչ է արել համագործակցել՝ Նինվե նահանգում կայունության վերականգնման ու անհրաժեշտ մարդասիրական օգնության ուղարկման համար: Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը պատրաստ է աջակցել այդ ջանքերին»: