Երբ ընտրական մեխանիզմները ոչնչացված են ի՞նչ է մնում անել իշխանության մեջ չգտնվող ուժերին. «Հրապարակ»

«Երեկ ԱԺ 4 խմբակցությունները վերջապես հրապարակեցին բազմաչարչար 12 կետերը: Ոմանք հիասթափվեցին, ոմանք՝ ոգևորվեցին, ծանոթանալով դրանց»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «ՀՀԿ պոռոտախոսները սկսեցին հեգնել, թե մենք այդ ամենն արդեն անում ենք, մեզ հետ ուլտիմատումներով չի կարելի խոսել, իշխանություն և լծակներ են ուզում՝ թող ընտրություններում հաղթեն և այլն:

Իսկ ոչ իշխանական ուժերն ավելի քան կոռեկտ են իրենց քայլերում և հայտարարություններում: Ի վերջո, երբ ընտրական մեխանիզմները ոչնչացված են, և իշխանությունների՝ վերարտադրվելու հավանականությունը մոտ է 100 տոկոսի, ի՞նչ է մնում անել իշխանության մեջ չգտնվող ուժերին, եթե ոչ հայտարարություններ անել, ցույց տալ իշխանության սխալները և պահանջել, որ դրանք շտկվեն:

Ահա քառյակը հրապարակել է իր սկզբունքները. «Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ»:

Սա, իհարկե, չի նշանակում, որ վաղը «Բարգավաճ Հայաստանի» մի ներկայացուցիչ չի հայտարարելու, թե Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսականը մեր միակ փրկությունն են, իսկ Պուտինը բոլոր ժողովուրդների հայրն է: Բայց երբ ինքնիշխանության սկզբունքն ամրագրված է, իսկ 12-րդ կետով հստակ սահմանված պահանջ կա.

«Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն», ավելի հեշտ կլինի այդ ուժերի «օձիքից» բռնելն ու հարցնելը՝ սա դուք չե՞ք գրել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս