«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին բողոք-դիմում է ուղղել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ` բռնազավթված հայկական Արցախի տարածքներում սեպտեմբերին կատարված դիվանագիտական այցի և դրա շրջանակում քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրման, միջազգային մակարդակով հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման, յուրացման և Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։

Դիմումները հասցեագրվել են՝

🇪🇺 Մագդալենա Գրոնոյին՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին,

🇲🇽 Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին՝ Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը,

🇮🇷 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։

Երեք դիմումներում «ՀայաՔվե»-ն առանձնացրել է նույն հիմնական մտահոգությունը․ Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի։

Միջազգային գործընկերներից ակնկալում ենք՝

▪️ հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը՝ Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից,

▪️ հստակ դիրքորոշում հայտնել Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության և ինքնության վերաբերյալ,

▪️ աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով,

▪️ և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։

«ՀայաՔվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930