Սահմանում «խոխոցը դուխնք տլան». նախկին ազատամարտիկ
Նախկին ազատամարտիկ, Մարտունի քաղաքի 57-ամյա բնակիչ Վիտալի Մարտիրոսյանը գտնում է, որ ինքը եւ իր հասակակիցներն անհրաժեշտ են մեր բանակին։ «Երբ լսում եմ, որ սահմանին ջահել երեխա է մահացել… ի՞նչ կապ ունի մեր տարիքը, երբ ես ինձ վրա վստահ եմ, երբ գիտեմ, որ ես եւ ինձ նման շատ-շատերը կարող ենք լինել նրանց կողքին։ Սահմանում «խոխոցը դուխնք տլան», լավ գիտենք պատերազմն ինչ է»,- ոչ հեռավոր անցյալի դրվագները վերհիշելով եւ այսօրվա զինվորների մասին մտածելով նշում է նախկին ազատամարտիկը, ով տարվա մեծ մասը արտերկրում է անցկացնում. պարբերաբար գնում է Ռուսաստան՝ փող վաստակելու։
Վիտալին, ով պատերազմի տարիներին ականներ էր պատրաստում եւ վստահ է, որ հմտորեն կարող է շարունակել նույն գործը կամ բանակում զբաղվել մեկ այլ աշխատանքով, մտածում է, որ, եթե հնարավոր լինի վերադառնալ բանակ եւ իրենց կատարած աշխատանքի համար էլ վճարվել, արտերկիր մեկնողների քանակը կնվազի. «Բոլորն էլ ստիպված են գնում, օրվա ապրուստը պետք է հոգանք»։
Նախկին ազատամարտիկը պատերազմական գործողությունների վերսկսումը չի բացառում ու գտնում է, որ ամեն պահի հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրանց։ Սա, ըստ նրա, հոռետեսություն չէ, այլ պարզ իրատեսություն։
karabakh-open.info
Սահմանագծից ոչ հեռու գտնվող Մարտունում է ապրում նախկին ազատամարտիկը, որտեղ կրակոցներն այսօր էլ լսելի են։ Սահմանի առկայությունն արդեն իսկ խոսում է հակամարտության չլուծված լինելու մասին, գտնում է Վիտալին, ում կարծիքով՝ «այդ խմորը դեռ շատ ջուր է տանելու». «Թուրքինը եւ հայինը ամալ չի կյամ (չի լինում)»։ Թեեւ մենք չենք ուզում մեր մայրերի ու քույրերի աչքերին արտասուք տեսնել, բայց եթե հարկադրված լինենք՝ էլի կպատերազմենք»։
Բանակցությունների սեղանի շուրջ քննարկվող տարբերակներին պարբերաբար հետեւող նախկին ազատամարտիկը իր պատասխանն ունի. «Շան տղա (ադրբեջանցուն-հեղ. ), բա մեր կռիվը ինչի՞ համար էր, Նախիջեւանի օրն էինք ընկնելու, մենք շուտ ընդդիմացանք։ Այս պայքարը մեզ էր պետք»։
Փոքր-ինչ լռելով՝ շարունակում է պատմել զոհված ընկերների մասին, եւ անթաքույց երեւում է կարոտն ու ցավը։ Նախկին ազատամարտիկն, ով ծառայել է լեգենդար Ավոյի հետ, սրբությամբ պահում է հրամանատարի ստորագրությամբ արդեն խունացած փաստաթղթերը, որոնց վրա երեւում է հրամանատարի անվանատառերը։ Կոշտացած ձեռքերով խնամքով դասավորում է քսան տարուց ավելի պահած փաստաթղթերը՝ արտահայտելով իր հպարտությունն ու անսահման կարոտը՝ առ լավագույն հրամանատարը։
karabakh-open.info