«Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ». Վիկտոր Սողոմոնյան. «Ազատություն»
«Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ»․ – երկուշաբթի օրը այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում արտգործնախարարի տեղակալի արած հայտարարություններին:
Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, մասնավորապես, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:
«Հաշվի առնելով Շավարշ Քոչարյանի վարկը, կարելի էր և չարձագանքել նրա հարցազրույցին, եթե խնդիրը չառնչվեր ԼՂՀ թեմային և արծարծված չլիներ փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Խոսքը մի մարդու մասին է, ով քաղաքական ակրոբատիզմի նշանակալի տաղանդ դրսևորելով եվրոինտեգրացիայի «համոզված» կողմնակցից մեկ գիշերում վերափոխվեց Մաքսային Միության ոչ պակաս «համոզված» ջատագովի», – ասված է այսօր «Ազատությանը» Վիկտոր Սողոմոնյանի տրամադրած հաղորդագրությունում:
«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», – հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ շարունակելով․ – «Փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է»:
Ամբողջական հրապարակումը՝ սւզբնաղբյուր կայքում