ՀՀԿ-ական. «Հարցական է, թե Արցախի հետ կապված Հայաստանը ո՞նց կլուծի հարցը՝ ավելի դրակա՞ն, թե՞ բացասական» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը խոսեցին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի հայատարության և Սերժ Սարգսյանի արձագանքի մասին:

Լ.Ալեքսյանյանն ասաց, որ Աստանայում ընդանում են դիվանագիտական հարաբերություններ. «Հայաստանում հիմնական շեշտադրումներն անում են, որ Նազարբաևը ընթերցել է Ալիևի նամակը և այդ հայատարարությանը չի արձագանքել երկրի նախագահը: Սա է հիմնական մեղադրանքը: Ես ուրիշ մեղադրանք չեմ տեսնում, որովհետև բոլորս էլ գիտեինք, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, որ նա Հայաստանին միացված չէ, որ Եվրասիական միությունը ստեղծվում է նաև միջազգային նորմերին համապատասխան, որ չի կարող պատահել, որ միանգամից, ինքնաբերաբար Արցախը կցվի Հայաստանին ու գնա Եվրասիական միություն, եթե նույնիսկ հետագայում այդ խնդիրը առաջ գա, անպայման պետք է որպես կա´մ անկախ երկիր, առանձին երկիր, կամ որպես ինչ-որ օղակ միանա: Սա բոլորն էլ գիտեին: Այսինքն` այն մարդիկ, որոնք մի քիչ քաղաքականությանը մոտիկ են՝ գիտեին, որ այդպես պետք է լինի»:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Հայաստանի նպատակն է, որպեսզի անպայաման մտնի Եվրասիական միություն. «Որոշում է կայացրել և մտնելու է: Սա է խնդիրը: Ու Արցախի հարցը բացարձակ կապ չունի այդ խնդրի հետ: Հետագայում, բանկաանաբար, առաջ են գալիս հետևանքներ, որոնք, պետք է լուծվեն արդեն որպես առանձին հարց: Եվ շատ հարցական է, թե Արցախի հետ կապված Հայաստանը ո՞նց կլուծի հարցը, ավելի դրակա՞ն, թե՞ բացասական: Արցախի հարցն առանձին հարց է, և ես կարծում եմ` հաջորդ փուլում մենք կտեսնենք, որ Արցախի հետ կապված խնդիրները կլուծվեն այն ձևով, ինչպես մեր քաղաքականությունը վարվում է: Այսինքն` Եվրասիական միության մեջ մտնելը երբեք չի խանգարի Արցախի հարցի լուծման ընթացքի վրա»:

ԲՀԿ-ական Վ. Բոստանջյանն էլ հակադարձեց Լ. Ալեքսանյանին` ասելով, որ եթե ամեն ինչ պարզ էր, խոշոր առումով, կարելի էր նաև չմասնակցել այդ Եվրասիական միության նիստին, չգնալ Եվրամիություն և այլն. «Այսինքն, ես չեմ մտածում, որ պարզ կատեգորիաներից պետք է ելնել ու դրա վրա կառուցել քաղաքականությունը, առավել ևս երբ երկրի բազմաթիվ մարդիկ անհամաբեր սպասում են ինչ-որ մի բանի: Ես հասկանում եմ, որ աշխարհի հզորները, ուժեղները կարող են այսպես բացահայտ կամ անբացահայտ մոտեցումներ հանդես բերել, բայց, օրինակ, Ղազախսատնի ղեկավարի  խոսքը առաջացրեց ընդգծված զզվանք հայ ժողովրդի մոտ: Բոլոր դեպքերում հասկանալի է, որ նա կարող էր իրեն թույլ տալ, եթե մինչև անգամ մտածենք, որ այդ կողմից նստածներն են հուշել, որ ասի դա: Ամեն դեպքում հասկանում եմ, որ դա շատ վիրավորական էր մեր բոլորի համար: Ու չասենք, որ ամեն ինչ պարզ էր: Ի՞նչն էր պարզ»:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պե՞տք է պատասխաներ Նազարբաևին, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ պետք է պատասխանվեր, թեկուզ կես բառով, կես խոսքով պետք է պատասխանվեր, որ այս խոսքերի հետևում կանգած է մի ամբողջ խելոք ժողովուրդ, որը Քրիստոսից էլ առաջ գոյություն է ունեցել և մարդկությանը տվել է արժեքներ: Հակառակ դեպքում՝ կարելի է որակել, որ մենք գույություն չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս