37-ամյա որդու հարվածներից մայրը մահացել է. Տղամարդը դատապարտվել է ազատազրկման

Տղամարդն առաջին ատյանի վճռով մեղավոր է ճանաչվել մոր առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ և դատապարտվել 6 տարի 6 ամիս ազատազրկման: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով):

Ինչ է հաստատվել նախաքննության ընթացքում
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ 37-ամյա տղամարդն իր կնոջ, երկու անչափահաս երեխաների և մոր հետ բնակվել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղում: Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ 37-ամյա տղամարդու, իր կնոջ ու մոր հարաբերությունները վերջին ժամանակներում եղել են լարված, ինչի պատճառով տղամարդը հաճախ է օգտագործել ալկոհոլային խմիչքներ:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում գրել է, որ նախաքննության ընթացքում հաստատվել է՝ 2013թ. հուլիսի սկզբին կենցաղային հարցերի շուրջ տղամարդը վիճել է կնոջ հետ, որից հետո վերջինս երեխաների հետ հեռացել է տանից ու սկսել բնակվել իր ծնողների տանը: Մայրը որդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունների ժամանակ հաճախ ասել է, որ տունը և սեփականաշնորհված հողամասը պետք է վաճառի ու տեղափոխվի Մեծամոր քաղաքում բնակվող դստեր տուն, որ որդուն թողնելու է առանց միջոցների և տան: Մոր հայտարարությունները զայրացրել են տղամարդուն:

Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ 2013թ. հուլիսի 29-ին 37-ամյա տղամարդը տանը հաց ուտելիս օգտագործել է ալկոհոլային խմիչք, ինչը դուր չի եկել մորը, ով սկսել է նախատել որդուն՝ ալկոհոլը չարաշահելու, կնոջ և իր չամուսնացած դստեր հետ անհաշտ հարաբերություններ ունենալու համար: Որդու ու մոր միջև վիճաբանություն է սկսվել, որը տևել է շուրջ 1 ժամ, և մորը լռեցնելու համար որդին երկու ձեռքերի ափերն իրար հպած` դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին, ինչից վերջինս ուշագնաց է եղել:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է՝ տղամարդը մորն ուշքի բերելու համար նրա գլխին ջուր է լցրել, որից հետո գնացել է իրենց սեփականաշնորհված հողամաս: Մայրը, դուրս գալով տնից, գնացել է հարևանությամբ բնակվող կնոջ տուն, հայտնել կատարվածի մասին ու խնդրել զանգահարել իր դստերը, ում հայտնել է, որ որդին ծեծել է իրեն, ու խնդրել է գալ ու իրեն գյուղից տանել: Սակայն ուշ լինելու պատճառով աղջիկը հարևանուհուն խնդրել է, որպեսզի մայրը գիշերի նրանց տանը, իսկ առավոտյան ավտոմեքենայով կգնա նրան բերելու: Տղամարդու մայրը, գանգատվելով գլխի ցավերից, քնել է, սակայն ժամը 04-ի սահմաններում, երբ նա սկսել է իրեն ավելի վատ զգալ ու փսխել, հարևանուհին զանգահարել է շտապբուժօգնության կայան, ու տղամարդու մորը տեղափոխել են «Արմավիր» ԲԿ, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչ է ասել ամբաստանյալը
Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել, որ 37-ամյա տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, և մոր առողջությանը դիտավորությամբ պատճառած՝ կյանքի համար վտանգավոր ծանր վնասն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում 37-ամյա տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչել՝ պատճառաբանելով, որ ինքը ձեռքը կիսաբռունցք արած ընդամենը 2 անգամ կամաց հարվածել է մոր գլխին, իսկ վիճաբանության ժամանակ մայրն ընկել է ու գլուխը մի քանի անգամ դիտավորյալ հարվածել գետնին: Ինքը բռնել է մոր ձեռքերից, որպեսզի թույլ չտա գլուխը գետնին հարվածել:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի նման պատճառաբանությունն անհիմն է և պատժից ու պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում: Դատարանն իր վճում նշել է, որ 37-ամյա տղամարդու կատարած հանցանքը հիմնավորվել է նաև՝ որպես կասկածյալի՝ իր իսկ կողմից տրված ցուցմունքով՝ այն մասին, որ կնոջ, երկու անչափահաս երեխաների և մոր հետ բնակվել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղում: Իր, կնոջ ու մոր հարաբերությունները վերջին ժամանակներում եղել են լարված, ինչի պատճառով հաճախ է օգտագործել ալկոհոլային խմիչքներ: 2013թ. հուլիսի սկզբին կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ, որից հետո վերջինս երեխաների հետ հեռացել է տնից ու սկսել բնակվել ծնողների տանը:

Մայրը վիճաբանությունների ժամանակ հաճախ է իրեն ասել, որ տունը և խաղողի այգին պետք է վաճառի, գումարը բաժանի դուստրերի միջև ու բնակության համար տեղափոխվի Մեծամոր քաղաք, իսկ իրեն թողնելու է առանց ապրուստի միջոցների և տան:

Մոր նման հայտարարությունները զայրացրել են իրեն: 2013թ. հուլիսի 29-ի երեկոյան տանը հաց ուտելիս օգտագործել է ալկոհոլային խմիչք, այդ ընթացում մայրը սկսել է նախատել իրեն ալկոհոլը չարաշահելու, կնոջ և իր չամուսնացած քրոջ հետ անհաշտ հարաբերություններ ունենալու համար: Իրենց միջև վիճաբանություն է սկսվել, որը տևել է շուրջ մեկ ժամ, ու տեսնելով, որ մորը չի կարողանում լռեցնել՝ ձախ ձեռքով բռունցք արած մի քանի անգամ հարվածներ է հասցրել մոր գլխին, որից հետո տնից դուրս է եկել ու գնացել իրենց խաղողի այգին: Առավոտյան՝ ժամը 7-8-ի սահմաններում, վերադարձել է տուն և տեսել, որ մայրը տանը չի, իսկ դռները բաց են: Փակել է տան մուտքի դուռը ու կրկին գնացել հողամաս, որտեղից բերման է ենթարկվել Ոստիկանություն: Զղջացել է կատարածի համար, մորը սպանելու նպատակ չի ունեցել:

Ինչ է ասել վկան
Վկաներից մեկը նախաքննության ընթացքում հայտնել է, որ իրենց հարևանությամբ բնակվել են 37-ամյա տղամարդը. նրա մայրը, կինն ու երկու անչափահաս երեխաները: Վերջին մի քանի տարիների ընթացքում նրանց ընտանեկան հարաբերությունները լարված են եղել, հաճախակի տեղի են ունեցել վիճաբանություններ: Հիմնականում 37-ամյա տղամարդու ալկոհոլ օգտագործած ժամանակ են վերջինիս տանը վեճեր եղել:

Վկան հայտնել է, որ հաճախ 37-ամյա տղամարդու մայրը կռվի թեժ պահին փախել եկել է իրենց տուն՝ մինչև որդին հանդարտվի:

2013թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, իրենց տուն է եկել 37-ամյա տղամարդու մայրը, ով լաց լինելով՝ վախեցած խնդրել է, որ փակեն դուռը, որդին չկարողանա ներս գալ: Հայտնել է, որ որդին իրեն ծեծել է, ու ինքը, մի կերպ փախչելով, եկել է իրենց տուն: Կնոջ մազերը և հագուստը եղել են թրջված, ու վերջինս իրեն հայտնել է, որ երբ որդին հարվածել է գլխին, նա ուշագնաց է եղել, ու 37-ամյա տղամարդը ջուր է լցրել վրան և ուշքի բերել՝ ասելով՝ «ձևեր մի թափի, սուտմեռուկ մի տուր»:

Վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ 37-ամյա տղամարդու մայրը հայտնել է, որ որդին երկու ձեռքերն իրար միացրած, վերևից ներքև շարժումներ կատարելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին: Բացի դա, նրա հագուստը կեղտոտված չի եղել, այլ միայն թրջված է եղել: Վերգուշ Սարգսյանն իրեն գետնին ընկնելու մասին ոչինչ չի ասել, անընդհատ գանգատվել է գլխի ցավերից: Ինքը վերջինիս առաջարկել է զանգահարել շտապբուժօգնության կայան, սակայն հարևանուհին հրաժարվել է՝ ասելով, որ արդեն լավ է, ու խնդրել է զանգահարել դստերը: Ինքը զանգահարել է հարևանուհու դստերը, հայտնել կատարվածի մասին, իսկ խոսակցության ժամանակ հարևանուհին դստերը խնդրել է գալ նրա հետևից ու տանել Մեծամոր քաղաք: Սակայն հարևանուհու աղջիկն իրեն խնդրել է մորը գիշերելու տեղ տալ, մինչև առավոտյան նա կգա ու մորը կտանի: ժամը 04-ի սահմաններում հարևանուհու վիճակը վատացել է, ու այն բանից հետո, երբ վերջինս փսխել է, ինքը զանգահարել է շտապբուժօգնության կայան և շտապօգնության ավտոմեքենայով կնոջը տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց:

Դատաքննության ընթացքում վկան, ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, հայտարարել է, որ ինքը ոչ մի բանի ականատես չի եղել, ամբաստանյալի հետ թշնամական հարաբերություններ չունի, դեպքի տեղի ունենալու օրը հարևանուհու վրա ոչ մի կապտուկ կամ քերծվածք չի նկատել: Դատարանը գտել է, որ վկայն՝ դատաքննության ընթացքում տված վերոնշյալ բովանդակությամբ ցուցմունք տալով, փորձում է օգնել ամբաստանյալին՝ խուսափել քրեական պատասխանատվությունից:

Ինչ է ասել տուժողի դուստրը
Տուժողի իրավահաջորդը՝ նրա դուստրը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր եղբայրը կնոջ ու երկու երեխաների հետ բնակվել է մոր հետ իրենց հայրական տանը: Նրանց հարաբերությունները վերջին ժամանակներում եղել են շատ լարված, ինչի պատճառ է հանդիսացել նաև եղբոր կողմից ալկոհոլային խմիչքների չարաշահումը: Վեճերի արդյունքում 2013թ. հուլիսի սկզբին եղբոր կինը երկու երեխաների հետ հեռացել է տնից, ինչից եղբայրը դարձել է ավելի նյարդային: 2013թ. հուլիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, իրեն է զանգահարել մոր հարևանուհին և հայտնել, որ եղբայրը հերթական անգամ ծեծել է մորը, և վերջինս խնդրում է, որ ինքը գնա ու նրան բերի իրենց տուն: Քանի որ հեռախոսով լսել է մոր ձայնը, իսկ մոր հարևանուհին էլ իրեն ասել է, որ մոր վիճակը լավ է, որոշել է առավոտյան գնալ մոր մոտ, և ուշ ժամ լինելու պատճառով խնդրել է հարևանուհուն, որպեսզի մայրը գիշերի նրանց տանը, մինչև առավոտյան ինքն ավտոմեքենայով կգնա նրա հետևից: Այնուհետև՝ ժամը 06:30-ի սահմաններում, իրեն է զանգահարել քույրը և հայտնել, որ մոր վիճակը վատացել է, ու նրան տեղափոխել են «Արմավիր» ԲԿ ՓԲԸ: Ինքը գնացել է հիվանդանոց և տեղեկացել, որ մայրն անգիտակից է, իսկ ժամը 10-ի սահմաններում վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դատարանը գտել է, որ տուժողի իրավահաջորդը դատաքննության ընթացքում տված վերոնշյալ բովանդակությամբ ցուցմունք տալով՝ փորձում է օգնել իր եղբորը՝ խուսափել քրեական պատասխանատվությունից:

Ինչ է ասել 37-ամյա տղամարդու կինը
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ 37-ամյա տղամարդու կինը նախաքննության ընթացքում հայտարարել է, որ 2012թ. սկեսրայրի մահից հետո ընտանիքի ամբողջ հոգսը մնացել է իր ամուսնու ուսերին, և վերջինս, չունենալով մշտական աշխատանք, դժվարությամբ է հոգացել ապրուստի միջոց, ինչի արդյունքում ավելի կոնֆլիկտային է դարձել: Սոցիալական վատ պայմանների պատճառով ամուսինը սկսել է չարաշահել ալկոհոլային խմիչքների օգտագործումը և տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել իր հետ: Սկեսուրը հաճախ է դժգոհել ամուսնու գերեզմանին շիրմաքար չլինելու և նյութական վատ վիճակի պատճառով:

Բացի դա, ամուսնուն ասել է, որ տունը կվաճառի, գումարը կբաժանի դուստրերի միջև և ամուսնու շիրմաքարը կդնի: Այդ խոսակցությունները զայրացրել են ամուսնուն, ու նա ալկոհոլային խմիչքներ օգտագործած ժամանակ հաճախ է կենցաղային տարբեր հարցերի շուրջ վիճաբանել սկեսրոջ հետ: Ինքն այլևս չի կարողացել տանել շարունակվող կռիվները և դեպքից շուրջ 10 օր առաջ երեխաների հետ հեռացել է հայրական տուն:

2013թ. հուլիսի 30-ին ամուսնու քույրը զանգահարել է իրեն և հայտնել, որ այդ գիշեր ամուսինը ծեծել է մորը, ով գտնվում է հիվանդանոցում: Ինքը նույնպես գնացել է հիվանդանոց, որտեղ ժամը 10-ի սահմաններում սկեսուրը, գիտակցության չգալով, մահացել է: Տեղյակ է, որ սկեսուրը դեպքից հետո գնացել է հարևանուհու տուն, որտեղ մի քանի ժամ անց վատացել է ու տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ վկան դատաքննության ընթացքում հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները սուտ են, չեն բխում իրականությունից: Ինքը սխալ ցուցմունք է տվել պահի ազդեցության տակ, ինչպես նաև դրան նպաստել է այն հանգամանքը, որ այդ ժամանակ ինքը կռված է եղել ամուսնու հետ: Իրականում դեպքի օրն ինքը տանը չի եղել՝ գտնվել է իր հայրական տանը: Իրեն է զանգահարել ամուսնու քույրը և հայտնել է, որ իր սկեսրոջ վիճակը վատ է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Երբ ամուսնու քրոջ հետ միասին գնացել են հիվանդանոց, սկեսուրը կոմայի մեջ է եղել, իսկ որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով՝ մահացել է: վկան դատաքննության ընթացքում նաև հայտնել է, որ ամուսինը երբեք չի ծեծել իր մորը, չի հարվածել, չի հրել:

Դատարանը գտել է, որ վկան, դատաքննության ընթացքում տված վերոնշյալ բովանդակությամբ ցուցմունք տալով, փորձում է օգնել իր ամուսնուն՝ խուսափել քրեական պատասխանատվությունից:

Դատարանի իրավական վերլուծությունը
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը: Որպես անձը բնութագրող հանգամանքներ են դիտվել, որ նա նախկինում դատված կամ արատավորված չի եղել, խնամքին են երկու անչափահաս երեխաներ և չաշխատող կինը, բնութագրվում է դրականորեն:
Դատաքննությամբ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն հայտնաբերվել։

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողության վտանգավորության աստիճանը, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ, ինչպես նաև այն, որ ամբաստանյալի կողմից կատարած արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով, գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:

Դատարանի վճռով՝ 37-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Նշենք, որ դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ. հրապարակումից մեկ ամիս անց այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս