Բաժիններ՝

Պուտինը հունիսի 6-ին կհանդիպի Անգելա Մերկելի հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումն անցկացվելու է Նորմանդիայում, ուր նրանք մասնակցելու են դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի տոնմանը:

Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման շեմին Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև «ՌԴ-ԵՄ-Ուկրաինա» եռակողմ ձևաչափով գազի մատակարարման մասին բանակցությունները:

Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պլանավորել է հունիսի 6-ին հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Հունիսի 5-ին Պուտինը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Պուտինի և Նորմանդիայի միջոցառումներին նույնպես հրավեր ստացած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև հանդիպում պլանավորված չէ: Պուտինը չի մասնակցի նաև հունիսի 7-ին Կիևում կայանալիք Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը:

Արևմտյան երկրների առաջնորդների հետ Պուտինի այդ հանդիպումները կլինեն առաջինը՝ սկսած 2014 թվականի մարտին Ղրիմը Ռուսաստանին միացնելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս