Բոլոր չլուծված հարցերը կրում են միայն տեխնիկական բնույթ. Սերգեյ Մանասարյան
«Հայաստանի Մաքսային միությանը և Եվրասիական միությանն անդամակցության համատեքստում Եվրասիական հանձնաժողովի հետ աշխատանքներում զգալի առաջընթաց է արձանագրվել անդամակցության ճանապարհին: Այսօր ավարտվեց պայմանագրի կնքումը, ակնկալվում է, որ մինչև ամսի 15-ը մեր միացումը կֆիքսվի»,- այսօր ԱԺ արտաքին հարաբրությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ըստ նրա՝ շարունակվում է ՀՀ-ԵՄ ակտիվ համագործակցությունը, Վիլնյուսյան գագաթնաժողովի շրանակներում երկուստեք հաստատվել է ՀՀ-ԵՄ համապարփակ համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը, ընդունվել է համատեղ հայտարարություն, ստորագրվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրինացման գործընթացը:
Ս. Մանասարյանի խոսքով՝ շարունակում են ամրապնդել հարաբերությունները անմիջական հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների սկզբունքը շարունակել է վայելել միջազգային հանրության դրական վերաբերմունքը: Նա նշեց, որ աշխատանք է տարվում Ասիական և Լատինամերիկյան ուղղություններով ՀՀ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխնախարարը նշեց, որ հաջորդ տարի ՀՀ-ում կբացվի Ճապոնիայի ռեզիդենտ դեսպանություն, որը բավականին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կբացվի նաև ԱՄԷ-ի դեսպանություն, ինչը ևս կնպաստի տնտեսական ռեալ ակտիվացմանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն անցած տարի դեսպանություններ է բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Վիետնամում և այլն:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են խանգարել ՀՀ-ին այսօր Աստանայում ստորագրել Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, և ի՞նչ է որոշվել Ղարաբաղի հարցով, Ս.Մանասարյանը պատասխանեց, որ ՀՀ անդամակցության ժամկետ Եվրասիական միությանը երբևիցե ֆիքսված չի եղել, որ այսօր կստորագրվի:
«Խնդիրները չեն վերաբերում կոնցեպտուալ հարցերին, վերաբերում են տեխնիկական հարցերին և տեխնիկական համաձայնություններն առաջիկա մի քանի օրերում կարելի է ավարտել»,- ասաց Ս.Մանասարյանը:
Անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ Հայաստանի հարցով կան խդիրներ, որոնց լուծման համար պետք է սահմանել մեկ ամսյա ժամկետ, փոխնախարարը կրկին վստահեցրեց, որ բոլոր կոնցեպտուալ և սկզուբունքային խնդիրների շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել:
Ղարաբաղի վերաբերյալ Ս.Մանասարյանը կոչ արեց շատ հարցեր չտալ ու հավաստեց, որ բոլոր չլուծված հարցերը կրում են միայն տեխնիկական բնույթ:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Արզումյանի դիտարկմամբ՝ ԱԳՆ քաղաքականությունը վերջին տարիներին սահմանափակվում է «տեղյակ կպահենք պատեհ պահին» դիրքորոշմամբ և ոչ մեկ քաջատեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ հարցը հստակ էր՝ ձևավորվող մաքսային տարածքում ԼՂՀ կարգավիճակն ինչպիսին է լինելու: Արզումանյանն առաջարկեց ավելի փակ քննարկում կազմակերպել այդ հարցով, որպեսզի հանձնաժողովի անդամներին հնարավորություն տրվի ոչ թե ԶԼՄ-ներից, այլ պատասխանատուներից տեղեկություն ստանալ:
«Ես չեմ համարում, որ Ղարաբաղի գործոնը տեխնիկական բնույթի է, դա շատ կոնցեպտուալ հարց է, բայց տարաձայնությունները չեն վերաբերում կոնցեպտուալ հարցին»,- հայտարարեց փոխնախարարը: