Հրանուշ Հակոբյան. Ոչ թե պետք է դատենք, այլ պետք է հպարտանանք մեր անցած պատմությամբ

Մայիսյան հերոսամարտերի կարևորագույն արդյունքն ազատ ու անկախ Հայաստանն է: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ կազմակերպվել էր տոնական միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան, լրագրողներին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պետություն չէինք, մենք կազմակերպված ոչինչ չունեինք, բանակ չունեինք, զորք չունեինք, զենք չունեինք, և այդ պայմաններում Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հաղթանակները պետք է հրաշք համարել: Այս հաղթանակի կարևորագույն արդյունքն այսօրվա ազատ ու անկախ Հայաստանն է, և կարծում եմ, որ բոլորս մեր տեղում պետք է աշխատենք, կառուցենք, ստեղծենք, որ մեր երկիրն առավել հզոր դառնա: Մեր դիմացն Արևմտյան Հայաստանն է, թշնամին է փակել մեր սահմանները, և մենք նրան կարող ենք հաղթել միայն մեր հզորությամբ և կազմակերպվածությամբ»,- ասաց Հ. Հակոբյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կարո՞ղ է նշել Հայաստանի Առաջին Հանրապետության գլխավոր սխալները, որոնք բերեցին անկախ պետության անկմանը:

Ի պատասխան` նա նշեց, թե տարիների հեռվից շատ հեշտ է խոսել. «Մի օր, երբ դասի ժամանակ ուսանողներին պատմում էի Առաջին Հանրապետության մասին, ես ինձ բռնեցի մի բանում, որ ինչքան էլ սխալներ եղած լինեին, վերջապես հռչակվեց հայոց պետություն, 600-700 տարի հետո այս հողի վրա պետականության խնդիր դրվեց, և փառք ու պատիվ մեր մեծերին: Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է դատենք, այլ պետք է հպարտանանք մեր անցած պատմությամբ, մեր մեծերով ու մտածենք, թե ինչպես կերտենք այսօրվա պետությունը, որ անցյալի սխալները չկրկնենք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս