Բաժիններ՝

Խորհրդային այլախոհները քննադատում են Միկոյանի արձանի տեղադրելու որոշումը (տեսանյութ). «Ազատություն»

Խորհրդային ժամանակներում Հայաստանի անկախության համար պայքարած քաղբանտարկյալները սուր քննադատության են ենթարկում բոլշևիկ Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու իշխանությունների որոշումը։  Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը, ով խորհրդային տարիներին անդամակցել է Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը և այդ պատճառով դատապարտվել է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, թե Միկոյանը եղել է խորհրդային այն համակարգի մասը, որն իրականացրել է հայ ժողովրդի բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչների աքսորն ու գնդակահարությունը:

«Աքսոր, գնդակահարություն… ինքը եղել է այս ջարդի, սպանիչ մեքենայի կիզակետում։ Ես կարծում եմ՝ նրա արձանը չպետք է դրվի։ Ես կարծում եմ, որ նրա արձանը տեղարդրելը աններելի վատ իրողություն է»,- ասել է Կարախանյանը։

Կարախանյանը նկատում է.- «Հայ ժողովուրդը բազում արժանի զավակներ է տվել հենց Հայաստանի անկախության և բարգավաճման համար։ Դժվար չէ մեկ առ մեկ թվարկել այդ մարդկանց անունները, և եթե անհրաժեշտություն կա, ուրեմն այդ մարդկանց անունները պետք է առաջին հերթին կանգնեցվեն Հայաստանի Հանրապետությունում»։

«Տեղադրելով հայկական շահերի դավաճան բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ասում են մեր հանրությանը, որ հայկական պետականությունն իրենց համար կարևոր չէ»,- «Ազատությանը» փոխանցել է խորհրդային տարիներին այլախոհության համար տասը տարվա ազատազրկման դատապարտված Ազատ Արշակյանը:

«Սա քծնանք է և կոպիտ քծնանք։ Դարի ողբերգությունը կոչվածը, Սովետական Միության փլուզումը համարվեց դարի ողբերգությունը, որը շատ վիճելի է… ուրեմն մի տեսակ քծնել կա, հաճոյանալ, դե Պուտինն է հայտարարել, ռուսական իշխանությունը, Կրեմլը այդ միտումը ունի, որ ողբերգություն էր, հարկավոր է բուժել, մեղմել, վերականգնել ինչ-որ բան։ Ես կարծում եմ, որ մերոնք կոպիտ քծնում են՝ առանց հասկանալու, որ հենց այդ նույն ռուսական իմպերիայի ջատագովները լավ հիշում են Միկոյանի գործունեության հետևանքները, նրանք դատապարտում են բոլշևիզմը, որովհետև բոլշևիզմը ռուսական իմպերիան կործանող ուժ էր»,- ասել է Արշակյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս