Հ. Նաղդալյան. Երկրի ամենամասսայական ուժի համագումարը միշտ էլ երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է

Շաբաթ օրը, մայիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀԿ 15-րդ համագումարը. Արդյո՞ք այն հերթականն էր, թե առավել լայն բովանդակություն ու նոր մեսիջներ էր իր մեջ պարունակում. պարզաբանում է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

– Ձեր տպավորությունները ՀՀԿ 15-րդ համագումարից , ի՞նչ խնդիրներ դրվեցին, ի՞նչն եք կարևորում, և հատկապես Ձեզ համար ի՞նչ էր տպավորիչ:

– 15-րդ համագումարը գումարվեց ոչ նախընտրական, ոչ հետընտրական ժամանակահատվածում, այլ այնպիսի իրավիճակում, երբ բավական ժամանակ է անցել նախորդ ընտրությունից և դեռ բավական ժամանակ կա մինչ հաջորդ ընտրությունները, ու դա իր ուրույն դրոշմը դրեց թե՛ համագումարի նպատակադրումների, թե՛ քննարկումների ընթացքի վրա: Համագումարի նպատակը՝ ներկուսակցական խնդիրներն էին, կուսակցական շինարարությունը և հետագա զարգացումը, կուսակցական աշխատանքների արդյունավետությունը, ներկուսակցական ժողովրդավարությունը և այլն: Երկրի ամենամասսայական և քաղաքական ուժի համագումարը միշտ էլ երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և բնական է նաև անդրադարձը վերկուսակցական և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին:

Համագումարի գլխավոր հանգույցը կուսակցության ղեկավար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որը միաժամանակ և՛ հաշվետվություն էր, և՛ ծրագրային մոտեցումներ՝ ապագա աշխատանքների բնույթի և ուղղության վերաբերյալ: Այսօր մեր կուսակցությունը քաղաքական դաշտի մեր գործընկերներից տարբերվում է ոչ միայն տարիքով՝ ՀՀԿ-ն համարյա տարեկից է անկախ Հայաստանին, կամ աշխարհագրությամբ՝ մեր կառույցներով նշագծված է Հայաստանի ողջ քարտեզը, ոչ միայն պատերազմի և խաղաղության փորձություններն անցած գաղափարախոսությամբ, այլև կազմակերպչական և կառուցվածքային ռեսուրսով, որը հաստատուն հենք է՝ շարունակելու և ընդլայնելու մեր դերակատարությունը, մարդկային ռեսուրսով՝ ի դեմս նվիրյալ անդամների և համակիրների:

Նախագահի համագումարյան ելույթի մեջ մեկ միասնական օրգանիզմի պես աշխատող կուսակցության կառույցների առջև խնդիր դրվեց՝ հետայսու լինել ավելի կուռ, ուղիղ և հետադարձ կապով առավել շաղկապված՝ մեր պետության և հասարակության բոլոր կենսական խնդիրներին:

Որպես համազգային լիդեր և համազգային խոշորագույն կազմակերպության ղեկավար, շատ կարևոր էին նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները՝ որոնք վերաբերում էին ողջ հասարակական-քաղաքական դաշտի խնդիրներին: Հատկապես խոսուն և հիմնարար արժեք ունեցող մտքեր բարձրաձայնվեցին քաղաքական և քաղաքացիական դաշտի, ինչպես նաև, քաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր թևերի փոխհարաբերությունների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Գլխավորը, կարծում եմ, արտահայտված է կարճ, բայց բովանդակային մեկ կարգախոսով, որը, ըստ իս, ոչ միայն բանաձև կդառնա շատերի համար, այլև թևավոր խոսք՝ «Մենք կիսելու հայրենիք չունե՛նք»: Քաղաքական դաշտի մասնակիցներս՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր, իրար փոխլրացնելով, պիտի պաշտպանենք և ծաղկացնենք հայրենիքը, ամրապնդվենք ու զարգանանք, բայց ոչ՝ մեկս մյուսի հաշվին, համախմբվենք և առողջացնենք քաղաքական դաշտը՝ մեր իսկ օրինակով հաստատելով քաղաքական նոր մշակույթ, քաղաքական դաշտ բերելով գաղափարական, սկզբունքային և անաչառ բանավեճ՝ զերծ թշնամանքից և մաղձից:

– Այսինքն՝ Ձեզ առավել սրտամոտ էր համագումարում քաղաքական դաշտի զարգացման հարցերին ուղղված անդրադա՞րձը:

– Թե՛ կուսակցական կառույցները, թե՛ կառավարության և գործադիր այլ մարմինների, երկրի ողջ պետական համակարգի ուղղորդումը դեպի լուրջ և տևական աշխատանք , աշխատանք ուժերի գերլարումով կենսական նշանակության ունեցող ծրագրերը իրականացնելու համար: Եվ ես , որպես քաղաքացի և կուսակցական, միանում եմ, քանզի հավատում եմ, որ աշխատանքն է բոլոր հաջողությունների և հաղթանակաների երաշխիքը, կամ, ինչպես նախագահը բանաձևեց, աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված:

– Դուք նաև ՀՀԿ կանանց թևի ղեկավարն եք, Ձեր ոլորտում ի՞նչ նոր շեշտադրումներ արվեցին.

– Այո, և որպես կանանց խորհրդի նախագահ, այսինքն՝ կուսակցական կառույցի ղեկավար, բնականաբար, կարևորում եմ կանանց և երիտասարդական կառույցների ներգրավման մեծացումը, որը նույնպես արծարծվեց նախագահի խոսքում:

Համոզված եմ, որ ինչպես ՀՀԿ-ի կողմից մեծացավ կանանց մասնակցությունը օրենսդրի կազմում, այնպես էլ հետայսու մեծանալու է կանանց ներկայացվածությունը և դերակատարությունը կառավարման և այլ օղակներում:

Կուսակցություն-հասարակություն կապի ամրապնդման գործում կանանց անելիքը մեծ է՝ հատկապես հաշվի առնելով, որ կանայք մեծամասնություն են կազմում կուսակցության ներքին օղակներում, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի շատ լինել մարդկանց կողքին, շփվել և աջակցել նրանց խնդիրների լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս