Բաժիններ՝

«Սա հարուստների կառավարություն է». ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանի մեկնաբանությունը ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ.
Ընդհանրապես, Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրերը համեմված են եղել գեղեցիկ խոստումներով, որոնք, որպես կանոն, իրականության հետ շատ քիչ աղերս են ունեցել: Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա այն նախորդներից առանձնապես չի տարբերվում՝ կրկին ավելի շատ են խոստումներն ու ցանկությունները, քան իրականության հետ կապված հնարավորությունները:

Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ:

Ծրագրում բացակայում է կատարման երաշխիքները, իրականացման մեխանիզմները և սոցիալական պատասխանատվությունը, որը, մեր խորին համոզմամբ, առկա իրավիճակը հաղթահարելու կարևորագույն հանգամանքն է:

Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը ոչ միայն հեռու է բավարար լինելուց, այլև չի հաշվարկվում դրամի գնողունակությանը համապատասխան: Իշխող քաղաքական ուժի ծրագրի մեջ իբրև կենտրոն նշված է ՀՀ քաղաքացին: Եթե այդպես է, ինչու վերջապես դեմքով չպտտվել դեպի քաղաքացին: Տեսե՛ք, Հայաստանի ամենաեկամտաբեր արտադրության ճյուղը հանքարդյունաբերությունն է:

Մենք ամենևին էլ դեմ չենք հանքերի շահագործմանը, սակայն այդ գործունեության տեսակից ստացվող եկամտի առյուծի բաժինը գնում է ոչ թե պետության բյուջե և ուղղվում ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, այլ դառնում է սեփականատիրոջ եկամուտ:

Չէ որ հանքը ազգային հարստություն է: Բացի այդ, չնայած ՍԴՀԿ-ն երբեք չի փորձել անձնավորել առկա խնդիրները, սակայն նոր կառավարությունում կրկին շատ են գործող բիզնեսմենները, կամ օլիգարխները՝ գնահատականները թողնում ենք ՀՀ քաղաքացիներին:

Իսկ գործադիր մարմնում խոշոր բիզնեսի առկայությունը հանգեցնում է շահերի բախման, որի արդյունքում, ակնհայտ է, տուժում է ՀՀ քաղաքացին: Ինչևիցե, Կառավարության գործունեության 100 օրը դեռ չի լրացել, ուստի առավել պատշաճ ու համապարփակ գնահատական անհրաժեշտ է տալ որոշակի ժամանակ անցնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս