Առանց համարանիշի «Բենթլին» ու Հովիկ Աբրահամյանը. «ՀԺ»

«Երեկ մեր թղթակցի ֆոտոխցիկը արձանագրել է ՀՀ մայրաքաղաք Երևանի փողոցներով անարգել երթևեկող առանց պետհամարանիշների մի «Բենթլի», որը ուղեկցում էին վրացական համարներով երկու ջիփեր»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Քանի որ մեքենան պետհամարանիշներ չուներ, այդպես էլ չկարողացանք պարզել, թե ում է այն պատկանում։ Եթե ՀՀ շարքային քաղաքացին իր չխկլիկ «Ջորիով» առանց պետհամարանիշների դուրս գա Երևանի փողոցներ, դժվար թե կարողանա նույնիսկ մի 5 րոպե երթևեկել առանց ճանապարհային ոստիկանությանը հանդիպելու։ «Ջորին» անմիջապես կտեղափոխվի տուգանային հրապարակ, «Ջորիի» տերն էլ հսկայական տուգանքների տակ կընկնի:

Մի ուշագրավ պատահականությամբ` երբ մեր թղթակիցը լուսանկարում էր առանց պետհամարանիշների այս «Բենթլին», ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանում էր լրագրողների հարցերին եւ որպես Հայաստանի համար ապագայի տեսլական` նշում էր Սինգապուրի օրինակը:

Սակայն Հայաստանին, ինչպես տեսնում ենք, սինգապուրյան հեռանկարը չի սպառնում: Եթե այնպիսի պարզունակ հարցերում, ինչպիսին պետհամարանիշներ ունենալու պարտադիր պահանջն է, չկան հավասար պայմաններ, ապա ինչպե՞ս կարելի է հուսալ, ասենք, բիզնեսում հավասար պայմաններ հաստատելու ճռճռան խոստումներին, ինչպիսիք վերջին օրերին առատորեն շռայլում են կառավարության ներկայացուցիչները: Ո՛չ, սա Սինգապուրը չէ, Շուրա»:

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ ՀԺ-ի

Տեսանյութեր

Լրահոս