Վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների հետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ Արցախ այցելած խմբին՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի զարգացմանը և Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետ Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվող հանդիպման այդ ձևաչափը համարելով առիթ կատարված աշխատանքների վերաբերյալ բարերարներին հաշվետվություն ներկայացնելու համար: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում կառավարության և հիմնադրամի համատեղ ջանքերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր՝ դպրոցների, համայնքային կենտրոնների, ջրագծերի և այլ ենթակառուցվածքների տեսքով:
Ա. Հարությունյանը մատնանշել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի՝ արդեն սկսված վերակառուցումը՝ որպես ռազմավարական նշանակության ծրագիր Արցախի համար: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է այն հանգամանքը, որ այդ նախագիծը ցույց տվեց, որ ԼՂՀ իշխանությունները զարգացնում են հանրապետության ազատագրված շրջանները ոչ միայն խոսքով, այլև` գործով: Այդ համատեքստում վարչապետն առանձնացրել է գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը միտված մի շարք այլ ծրագրեր, որոնք իրագործվում են սահմանամերձ տարածքներում: Ի մասնավորի՝ նա մատնանշել է Արաքսի ափին վերջերս հիմնված Արաքսավան գյուղը, հարավային թևի հողերի գյուղատնտեսական յուրացումը, ինչպես նաև Թալիշում օրեր առաջ բացված պոմպակայանը, որի շնորհիվ ավելի քան 1000 հեկտար հողատարածք դարձել է ոռոգովի:
Բարերարներից մեկի խնդրանքով՝ Արա Հարությունյանը անդրադարձել է ջրամատակարարման բնագավառում կատարված աշխատանքներին: Ըստ գործադիրի ղեկավարի՝ վերջին տարիներին պետական և բարեգործական միջոցներով շուրջօրյա ջրամատակարարում է ապահովվել բնակչության ճնշող մեծամասնության համար՝ ընդգրկելով գրեթե բոլոր քաղաքները: Նա նշել է, որ ողջ հանրապետությունում այդ հարցը կլուծվի մինչև 2017թ., ինչպես նախատեսված է նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով:
Վարչապետը պատասխանել է նաև էներգետիկային, հանքարդյունաբերությանը և աշխատաշուկային վերաբերող մի շարք այլ հարցերի: Ներկաների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացվելիք որոշ ծրագրերի վերաբերյալ: Ա. Հարությունյանը վերջում շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր բարերարներին՝ Արցախի զարգացման գործում հետևողական մասնակցության համար:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը իր խոսքում կարևորել է նմանատիպ այցերի նշանակությունը աշխատանքների թափանցիկության ապահովման տեսանկյունից: Նա ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ հիմնադրամի կողմից Արցախում իրագործվող ծրագրերն իրականացվում են ԼՂՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ: Այդ աշխատելաոճը, ըստ նրա, բարձրացնում է թե՛ նախագծի ընտրության, թե՛ աշխատանքների վերահսկողության արդյունավետությունը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին