Էդուարդ Շարմազանով. Կուսակցականացումն ընդամենը միջոց է, բայց ոչ նպատակ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Էդուարդ Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, պատասխանեց երիտասարդության ազգային նկարագրին ու ձգտումներին առնչվող մի շարք հարցերի: Նա ներկայացրեց կուսակցությունների առաքելության մասին Նժդեհի գաղափարախոսությունը, կուսակցությունների դերի մեծացման իր պատկերացումները, անթույլատրելի համարեց կուսակցականացումն ու իշխանությունը նպատակ դարձնելը՝ դրանք որակելով ընդամենը միջոց, խոսեց ազգային արժեքների ճանաչողությամբ հայրենասիրական դաստիարակության կարեւորության մասին:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին՝ նա կարեւորեց Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունների խորացումը, դրան զուգահեռ Եվրամիության հետ համագործակցության շարունակումն ու սերտացումը, իսկ հարեւան երկրների հետ՝ խաղաղ գոյակցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործոնը:
Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի, ազգային ու համամարդկային այդ ողբերգության վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության, մեր երկրի ազգային շահերից բխող հետեւողական ու նպատակասլաց քաղաքականության, այդ հարցում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ իր երկրի հզորացմանն ուղղված ակտիվ դերակատարության անհրաժեշտության մասին:

ՀՀ Ազգային Ժողով

 

Տեսանյութեր

Լրահոս