Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանի նոր գաղափարները կամ Հյուսիսային պողոտայի թեման զայրացնում է նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Այսօր Երևանում հայ-ֆրանսիական գործարարների համաժողովի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջին անգամ ներկայացրեց իր 2 նոր նախագծերը՝ Երևանում ֆրանսիական հրապարակի վերակառուցման և Ախթալայում ֆրանսիական թաղամասի կառուցման վերաբերյալ:

«Ծրագրերի առաջին քայլերն ենք փորձում իրականացնել: Կա ընդհանուր հետաքրքրություն երկու երկրների և ժողովուրդների միջև: Սա կարող է լինել այն հետաքրքիր ավանդույթներից մեկը, որը ֆրանսիացիներին հնարավորություն կտա բացահայտել իրենց պատմության էջերը` կապված ՀՀ հետ, որովհետև ի վերջո 1887 թ-ից նրանց ինժեներներն են աշխատել Ախթալայում, նրանց հնեաբաններ են են ուսումնասիրություններ կատարել, նույնիսկ նրանց ղեկավարն իր գրառումներում նշել է, որ մենք գործ ունենք մի տարածքի հետ, որն ավելի հին է, քան Եվրոպան ու Հունաստանը: Եթե մեզ հաջողվի վերակառուցել այդ ամբողջ ֆրանսիական թաղամասը, որ բավականին մեծ տարածք է, դարձնել այն տուրիստական կենտրոն, գործարարների հետաքրքրությունը կարող է մի քանիսը լինել՝ սա կարող է լինել ինժեներա-փորձարարական  կամ զբոսաշրջային ծրագիր»,- ասաց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով Երևանում ֆրանսիական հրապարակի վերակառուցմանը՝ նախարարը նշեց, թե հրապարակի մեծ մասը խաչմերուկն է և 3 այգու կտորները, մինչդեռ 1924 թ. հատակագծով այնտեղ ամբողջովին այգի էր: Ըստ նրա՝ վերակառուցումը հնարավորություն կտա շատ պարզ խնդիր լուծելու՝ կասկադից իջնող ժողովրդի ակտիվ շարժումները չեն շրջանցի խաչմերուկը, որ գնան օպերա, այլ ուղիղ կգնան օպերա՝ առանց խաչմերուկներ հատելու:

«Դրա համար ճանապարհը պետք է իջնի ներքև, խաչմերուկը պետք է իջնի ներքև, վերևում լինի այգի»,- հայտարարեց Ն. Սարգսյանը՝ հավելելով, թե դրանք ծրագրեր են, որոնք իրականանալի են:

Նախարարի խոսքով՝ համագործակցության այլ ոլորտներ ևս կան, օրինակ, ֆրանսիացիները սոցիալական բնակարանների հսկայական փորձ ունեն, կարող են մասնակցություն ունենալ ՀՀ-ում արագ, էժան, էներգախնայող և սեյսմակայուն շենքերի կառուցման մեջ, նաև նոր գործարաններ հիմնել և տեղական հումքի վրա շինարարական նյութեր արտադրել:

168.am-ի հարցը, թե ՀՀ-ից արտագաղթի ներկայիս պայմաններում բնակարանաշինությունը և կապիտալ ներդրումները ֆրանսիացիներն ինչպե՞ս են գնահատում, շուկա տեսնո՞ւմ են, Ն.Սարգսյանին շփոթեցրեց. «Դուք սուբյեկտիվ հարց եք տալիս, ի՞նչ է նշանակում, արտագաղթի պայմաններում»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ անշարժ գույքի պահանջարկն է նվազել, Հյուսիսային պողոտան գրեթե դատարկ է, Ն.Սարգսյանը փորձեց հակադարձել. «Դե չէ, Դուք մի բան ասում եք, անընդհատ նույն բանը կրկնում եք»: Փորձեցինք ճշտել, թե ի՞նչն ենք կրկնել, պարզվեց, որ Ն.Սարգսյանն ի նկատի ուներ ընդհանուր լրագրողներին, որոնք չեն դադարում հարցեր տալ Հյուսիսային պողոտայի վերաբերյալ:

Ի պատասխան մեր պնդմանը, որ Հյուսիսային պողոտայի շենքերն այդպես էլ չբնակեցվեցին և նման պայմաններում նոր կապիտալ շինարարությունը որքանո՞վ արդարացված կլինի, կա՞ պահանջարկ, Ն.Սարգսյան հայտարարեց. «Հյուսիսային պողոտան սոցիալական բնակարանների հետ որևիցե կապ չունի: Սոցիալական բնակարանները հսկայական պահանջարկ ունեն: Աղետի գոտում մարդիկ կան, որ բնակարաններ չունեն, նորաստեղծ ընտանիքներ, երիտասարդ ընտանիքներ կան, պետությունը ծրագրեր է իրականացնում այդ ուղությամբ: Բնակարանների պահանջարկ միշտ կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս