Արդարադատության նախարարությունը հետամուտ կլինի ՄԻԵԴ վճիռների կատարմանը. նախատեսվում է կառուցվածքային փոփոխություն. «Փաստինֆո»
Առաջիկա օրերին Արդարադատության նախարարությունում կձեւավորվի նոր ստորաբաժանում, որը հատկապես կզբաղվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովամբ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով ստեղծվելիք բաժնի գործառույթները, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց. «Եվ նախարարության, և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեսանկյունից շատ կարևոր է ԵԴ-ի վճիռների կատարման հարցը, որովհետև հաճախ դրանց արդյունավետությունից կամ ամբողջական լինելով է պայմանավորված հետագա վճիռների հարցը, թե արդյո՞ք մենք նորից կպարտվենք, ՀՀ դեմ վճիռներ կկայացվե՞ն, խախտումներ կարձանագրվե՞ն, թե՞ ոչ: Որքան արդյունավետ ու ամբողջական կատարենք, այդչափ կնվազեցնենք ՀՀ վերաբերյալ վճիռները, որոնցով խախտում է ճանաչվում: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշոցինք հատուկ այդ նպատակով նոր բաժին ստեղծել»:
Նոր ստորաբաժանումը, որ կրելու է Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին անվանումը, գործելու է Արդարադատության նախարարությունում արդեն իսկ գոյություն ունեցող և հենց ԵԴ վճիռների ուսումնասիրությամբ զբաղվող ԵԴ-ի հետ կապերի վարչության կազմում:
Հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու այս բաժնի աշխատանքն արդեն գոյություն ունեցող ստորաբաժանման աշխատանքից, Արման Թաթոյանը պատասխանեց. «Հիմա մենք ԵԴ-ի հետ կապերի վարչության կազմում ունենք ընդամենը 2 բաժին, որոնցից մեկը զբաղվում է քրեական և վարչական գործերով, մյուսը` քաղաքացիական և տնտեսական գործերով: Տեսեք` կատարում չկա այստեղ: Նոր բաժինը կզբաղվի ոչ միայն վճիռների կատարման հարցերով, այլ նաև ամբողջությամբ ուշադրությունն ուղղված կլինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների ներդրմանը` ՀՀ իրավական համակարգում: Խոսքը մասնավորապես վերաբերում է խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին և այլ կազմակերպություններին, որոնք առաջարկություն են ներկայացնում, և հաճախ նրանց առաջարկները պայմանավորված են նաև ԵԴ նախադեպային պրակտիկայով: Այս բաժինը խնդիր է ունենալու ուսումնասիրել այս կազմակերպությունների զեկույցներն ու միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ առաջարկները ներդրվեն: Այսինքն` մշակել իրավական ակտերի նախագծեր, մշակել թերություների վերացմանն ուղղված քայլեր, իրականացնել ԵԴ վճիռերի կատարման վիճակագրությունը, մշակել դրանց կատարման ծրագրեր: Մեր խնդիրն այն է, որ համակարգված լինի ամեն ինչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: